Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանի հայտարարությունն այն մասին, որ կա ռեգիոնալ գործակցության մի քանի առաջարկ և «3+3»-ը ընդամենը մեկն է, տալիս է բավականին հետաքրքիր մտորումների առիթ: Բանն այն է, որ հրապարակի վրա կարծես թե գործակցության հենց «3+3» առաջարկն է, այլ առաջարկներ չկան: Իհարկե այստեղ կարող են լինել պատկերացումների տարբերություններ, բայց ձևաչափի այլ առաջարկի մասին հրապարակային դիտարկում կարծես թե չի եղել:
Հետևաբար հարց է առաջանում, թե ինչի՞ մասին է բարձրաձայնում Հայաստանի փոխարտգործնախարարը և արդյո՞ք Երևանը քննարկում է առաջարկներ, որոնք պարզապես բարձրաձայն մակարդակում չեն: Ահա այդ առումով ուշադրությունը վերստին կենտրոնանում է Վրաստանի ուղղությամբ, մասնավորապես հայ-ադրբեջանական միջնորդության վրացական հայտի ուղղությամբ: Իհարկե տվյալ պարագայում բուն դիտարկման արժանին միջնորդական հայտը չէ, այլ Վրաստանի գործոնն ընդհանրապես, եթե հատկապես հաշվի առնենք այն, որ 3+3-ի հետ սկզբունքային խնդիր ունեն կարծես թե միայն Թբիլիսին ու Երևանը:
Հետևաբար, Հայաստանն ու Վրաստանն են թերևս ամենաշահագրգռվածը ռեգիոնալ այլընտրանքային ձևաչափերի, առնվազն այդ կերպ օրակարգի բազմազանեցման հարցում: Հետևաբար Վրաստանի հանգամանքը այստեղ կարող է դառնալ նշանակալի, մի շարք այլ գործոնների բերումով: Ընդ որում ուշադրության է արժանի և այն, որ Երևանը այդ մասին՝ այլ առաջարկների առկայության մասին խոսում է Հայաստան Վրաստանի պաշտպանության նախարարի այցից հետո: Ընդ որում, ուշադրության արժանի մեկ այլ հանգամանք է և այն, որ այդ այցին էլ հաջորդում է վրաց մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստան այց:
Երևանում է Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահը: Կա՞ վրացական ձևակերպված առաջարկ, կամ Վրաստանի «ելակետով» ռեգիոնալ այլ առաջարկ, որ գործնականում կարող է հակակշիռ լինել «3+3»-ի թուրք-ադրբեջանական մտադրություններին: Երևանն ու Թբիլիսին ունե՞ն այդ թեմայով լայն քննարկումներ, որոնք կարող են նաև հետաքրքրել Վաշինգտոնին, որը «3+3»-ի հաստատմանը դեմ արտահայտվող մեկ այլ կողմ է:












































