Մեզ համար փոքր, բայց իր աշխարհաքաղաքական դիրքով անչափ կարևոր նշանակություն ունեցող մեր հարավային դարպաս Մեղրի համայնքում ՏԻՄ իշխանության շուրջ անհասկանալի դիրքավորումները, զարգացումները կարծես թե հստակցվում են։Հակառակ տարատեսակ խոսակցությունների և սպասելիքների, լուրերի, թե իշխող ՔՊ-ն Մեղրիում ՏԻՄ իշխանությունը տիրանալու համար պատրաստվում է կոալիցիա կազմել Սամվել Բաբայանի հիմնադրած «Ազատական» կուսակցության հետ՝ այսօր լրիվ հակառակ իրողության ականատես եղանք ընտրություններում հաղթած Հանրապետություն կուսակցության Մեղրիի քաղաքական թիմը 4 տարի ժամկետով կոալիցիոն հուշագիր ստորագրեց 3-րդ տեղը զբաղեցրած «Ազատական» կուսակցության ավագանու հետ, որով կողմերը պայմանավորվեցին իշխանությունը հավասարաչափ բաշխել միմյանց միջև և համատեղ ուժերով կառավարել Մեղրին, ինչպես նաև պայմանավորվեցին, որ առաջիկա երկու տարին համայնքապետի պաշտոնը կզբաղեցնի Բագրատ Զաքարյանը, իսկ հաջորդ երկու տարին՝ Ազատական կուսակցության թեկնածուն՝ Խաչատուր Անդրեասյանը։ Ինչպես գիտենք, ընտրությունների արդյունքներով Մեղրիում հաղթող է ճանաչվել «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով 6 մանդատ, երկրորդ տեղը զբաղեցրել է իշխանությունը՝ 5 մանդատով, 3-րդը՝ Ազատկան կուսակցությունը 2 մանդատով, 4-րդը՝ «Ապրելու երկիրը»՝ 2 մանդատով։