Սիրիայի Լաթաքիա քաղաքի Ռամել թաղամասում գտնվող պաղեստինյան ճամբարի բնակիչները ստիպված էին լքել իրենց բնակավայրերն այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական զորքերը քաղաքի այդ թաղամասը ենթարկել են հրթիռակոծման:
ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության Մերձավորարևելյան կենտրոնի ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ ավելի քան 5000 մարդ, ովքեր բնակվում էին ճամբարում, ստիպված են եղել հեռանալ այդտեղից այն պատճառով, որ Սիրիական ռազմանավերը ծովից հրթիռակոծել են ճամբարը:
Պաղեստինի Ազատագրության Կազմակերպության գլխավոր քարտուղար Յասիր Աբբեդ Ռաբբոն Սիրիայի բանակի գործողություններն անվանել է «մարդկության դեմ հանցագործություն»: Նրա կարծիքով այս ամենն ուղղված է ինչպես պաղեստինցիների, այնպես էլ սիրիացիների դեմ: Առնվազն 4 պաղեստինցի սպանվել է, կան բազմաթիվ վիրավորներ:
ՄԱԿ-ը Սիրիայի իշխանություններից պահանջում է անհապաղ թույլատրել մուտք գործել պաղեստինյան փախստականների ճամբար:









































