«Ես Հայաստանում մարդկանց դեմքին հուսահատություն տեսա։ Իսկ հուսահատությունն ավելի վտանգավոր է, քան աղքատությունը։ Մենք պետք է ստեղծենք մի երկիր, որտեղ գերակա է օրենքը։ Բոլորը գիտակցում են, որ դա անհրաժեշտ է»,- այսօր ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։
Արվեստագետ լինելով՝ Թանկյանը կարևոր է համարում իր հայտնի լինելն օգտագործելը բարեփոխումներ իրականացնելու համար։
«Կարծում եմ, մեր պարտականությունների մեջ է մտնում արդարության համար պայքար տանելը։ Եթե դու արվեստագետ ես, պետք է ասես ճշմարտությունը։ Արվեստի կաևոր բաղադրիչներից է նաև ճշմարտությունը պատմելը, իհարկե, արվեստի համար պետք է նաև երևակայություն ունենալ, սակայն ճշմարտությունը արվեստում անհրաժեշտ է»,- ասաց Սերժ Թանկյանը։
«Անարդարությունը նույնն է բոլոր երկրներում, մարդու իրավունքները նույն են։ Բայց մեր երկրում խնդիրն այն է, որ Հայաստանը կղզի է հիշեցնում, մեր երկու սահմանները փակ են, և խնդիրներ ունենք մյուս երկու հարևանների հետ։ Մենք փակ ենք աշխարհի համար»,- նշեց երաժիշտը՝ խնդիրներից մեկը համարելով Հայաստանի շրջափակումը:
Նշենք, որ Սերժ Թանկյանի հետ հանդիպումը կազմակերպել էին «Կանաչստան» հասարակական կազմակերպությունն ու «Սիվիլիթաս» հիմնադրամը՝ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության հետ:








































