Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մասնակցելով Բաթումիի օպերայի ու բալետի թատրոնի նոր շենքի բացման արարողությանը, հայտարարել է.
«Օպերային թատրոնն այն ամենի գագաթնակետն է, ինչ վերջին տարիներին արվել է Բաթումիում։ Նիցցայում ու Կաննում գոյություն չունեն այնպիսի վայրեր, ինչպիսիք որ կան Բաթումիում։ Թբիլիսիում վերականգնվել են Ռուսթվելիի, Մարջանիշվիլիի, Գիբոյեդովի թատրոնները, վիթխարի աշխատանքներ են ընթանում Թբիլիսիի օպերային թատրոնում, ֆիլհարմոնիայում, վերանորոգվել են Թելավիի թատրոնն ու մի շարք շրջանային թատրոններ։
Եվ ահա, այժմ Բաթումիում կառուցվել է մշակույթի ու արվեստի այս չտեսնված գեղեցիկ կենտրոնը։ Բաթումիի թարմացումը նախադրյալներ է ստեղծում զբոսաշրջիկների ներհոսքի համար, ինչն իր հերթին նպաստում է նոր աշխատատեղերի բացմանը։
Տարածաշրջանում ընթացող շինարարական աշխատանքներին հիմնականում ներգրավվում են տեղի կադրերը։ Այս ամենը կառուցում են վրացիները։ Սկզբնական շրջանում, երբ նոր էր սկսվել Բաթումիի վերածնունդը, աշխատավորների 80 տոկոսը կազմում էին թուրքերը։ Մինչդեռ այժմ, եթե դուք ցանկանաք այստեղ հայտնաբերել թուրք աշխատավորի, ապա հնարավոր է՝ դա ձեզ չհաջողվի էլ։ Ամեն ինչ անում են վրացիները, մենք սովորել ենք աշխատել բոլորից լավ, և դա մեծ հաջողություն է»։
Բաթումիի օպերային թատրոնի բացման արարողակարգին ներկա են գտնվել նաև Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ն։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջերին Սաակաշվիլին հայտարարել էր, թե Բաթումին Արևելյան Եվրոպայի ամենաեվրոպական քաղաքն է։







































