Սեպտեմբերի 28-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը գնահատելի է համարել նախորդ շրջանի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը:
Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը զուգահեռ Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա առանձնացրել է երկկողմ հարաբերություններում տնտեսական օրակարգի առաջ մղման կարևորությունը՝ ընդգծելով տարբեր ուղղություններում ԱՄՆ-ի ներգրավվածության օգտակարությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, էներգետիկ, մասնավորապես՝ կանաչ էներգիայի արտադրության ոլորտներում:
Փոխվարչապետը շեշտել է, որ նշյալ ոլորտների զարգացման գործում գնահատելի են ԱՄՆ-ի ներդրած ջանքերը, և հույս հայտնել, որ աջակցությունը կլինի շարունակական: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն hայտnելով, որ նոր կարգավիճակում արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է և ընդլայնվելու:
Կողմերը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումները, պարեկային ծառայության ստեղծումը, արդարադատական համակարգի և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները:
Փոխվարչապետը ներկայացրել է նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած իր այցելության արդյունքները՝ ՔԿՀ-ների ենթակառուցվածքների և դատապարտյալների պահման պայմանների բարելավման հարցը համարելով օրակարգային: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների հաղթահարման հարցերին:








































