Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է: Այս մասին, ТАСС -ի փոխանցմամբ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«2020 թվականի նոյեմբերի 9 -ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, պահպանվել, ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ մենք այժմ չենք տեսնում որևէ բռնի գործողություն: Փոքր միջադեպերը, որոնք սկզբնական փուլում առկա էին, արագ լուծվել են: Մեկ անգամ ևս շեշտեմ, որ այնտեղ այժմ իրավիճակը կայուն է, չնայած, իհարկե, խնդիրները շատ են»,- ասել է Լավրովը:
Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային ուղևորությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:











































