Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօրվանից ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի նորանշանակ ղեկավար թուրք Քորայ Թարգայն անցնում է իր պարտականությունների կատարմանը։ Նշվում է, որ հուլիսի 21-ին Լիտվայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը Թարգային նշանակել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար։
Գրասենյակի հասարակական կապերի դեպարտամենտի ղեկավար Ռաշադ Հուսեյնովը հայտարարել է, որ Թարգայն արդեն իսկ գտնվում է Բաքվում և ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրք դիվանագետ Քորայ Թարգայը հանդիսացել է Մալայզիայում ու Չեխիայում Թուրքիայի դեսպան։ Իր նոր պաշտոնում Թարգայը փոխարինում է մեկ այլ թուրք դիվանագետի՝ Ալի Բիլգե Ջանկորելին, ում դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում ավարտվել է այս տարվա հունիսին։









































