Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում իշխանության բնույթի և որակի մասին խոսվել է բավական շատ, իսկ ահա ընդդիմության բնույթի, որակի, առանձնահատկությունների, ընդդիմություն կոչվող համակարգի մասին գրեթե չի խոսվել կամ խոսվել է ընդհատ, ոչ ամբողջական, ոչ համակարգային դիտարկմամբ: Պատճառը թերևս այն է, որ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ընդդիմություն` որպես համակարգային կամ հավաքական ամբողջություն, ըստ էության, գոյություն չի ունեցել: Եթե իշխանությունը` որպես համակարգ, ունեցել է և ունի տևական գոյություն, թեև տարբեր պատճառներով և շարժառիթներով եղել են անձերի փոփոխություններ, ապա ընդդիմությունը Հայաստանում` որպես համակարգ կարծես թե գոյություն չի ունեցել երբեք և փոխվել է անձերի փոփոխության հետ մեկտեղ:
Օրինակ` դիտարկենք ընդդիմության գոյության և գործունեության շրջանակը փուլերով, որպես դիտարկման նիշ ընդունելով համապետական ընտրությունները: Առաջին ընդդիմությունը ասպարեզ ելավ 1990-ականների սկզբին` ի դեմս ԱԺՄ-ի և հարակից ուժերի, որոնց գլխավորում էր Վազգեն Մանուկյանը: Այդ ընդդիմությունը մասնակցեց առաջին համապետական ընտրություններին` 1995 թվականի խորհրդարանի և 1996 թվականի նախագահի ընտրություններ: Թե ինչ եղավ այդ ժամանակահատվածում, ինչ իրադարձություններ զարգացան և ինչ հիմքով` հայտնի է թերևս բոլորին, և քչերն են դա մոռացել: Այդ ամենից հետո, սակայն, այդ ընդդիմությունը Հայաստանում դադարեց գոյություն ունենալ:
1996 թվականի նախագահի ընտրությունից հետո իշխանության հետ բախումը ընդդիմության համար եղավ ճակատագրական, որից այն այլևս ուշքի չեկավ: Մի տևական շրջան Հայաստանում առկա էր մի վիճակ, երբ ըստ էության ընդդիմություն գոյություն չուներ: Այդ պայմաններում, սակայն, իշխանության ներսում ակտիվացան լուրջ խմորումներ, և ընդդիմության, ըստ էության, գոյության բացակայության պայմաններում իշխանության ներսում տեղի ունեցավ այն, ինչ դրսից ցանկանում էր անել ընդդիմությունը ընտրական և հետընտրական շրջանում` իշխանափոխություն: Դրանից հետո նշանակվեց նախագահի նոր ընտրություն, որին արդեն երկիրը ընդառաջ գնաց նոր ընդդիմությամբ:
Այդ դերը ստանձնեց Կարեն Դեմիրճյանը, որը վերադարձավ քաղաքականություն և դարձավ նախագահի իշխանական թեկնածու Ռոբերտ Քոչարյանի մրցակիցը: Ընտրությանը անկասկած ստանալով ձայների զգալի մեծամասնություն, բայց պաշտոնական տվյալով պարտվելով Ռոբերտ Քոչարյանին` Կարեն Դեմիրճյանը շատ կարճ ժամանակ` ընդամենը մեկ տարի կատարեց ընդդիմության իր գործառույթը, թեև իշխանության հետ առանց որևէ ֆիզիկական բախման և առճակատման, իսկ հետո միացավ Վազգեն Սարգսյանին, այսինքն` իշխանությանը, և այդպիսով 1999 թվականի խորհրդարանի ընտրության արդունքով մաս կազմեց իշխանությանը: Երկիրը կրկին հայտնվեց գրեթե անընդդիմություն վիճակում: Իհարկե, կային ընդդիմադիր կուսակցություններ, որոնց մի մասը նույնիսկ տեղ ունեցավ խորհրդարանում, բայց դրանք այն աստիճան մարգինալ վիճակում էին, որ նույնիսկ դժվար էր նրանց համարել կուսակցություն, ուր մնաց ընդդիմադիր կուսակցություն: Հետո տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը:
Դժվար է ասել, թե եթե չլիներ այդ աննախադեպ ոճրագործությունը, Հայաստանի քաղաքական կյանքը ինչ ուղիով կզարգանար և հաջորդ փուլում ինչ ընդդիմություն կառաջանար 2003 թվականի նախագահի և խորհրդարանի ընտրություններին ընդառաջ: Բայց փաստն այն է, որ հոկտեմբերի 27-ից և դրան հաջորդած իրադարձություններից հետո երկրում ընդդիմություն դարձան 1999 թվականին իշխանական մեծամասնություն կազմած, և նույն թվականին ահաբեկչության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հարազատները` Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը, ով մինչ այդ մի քանի ամիս զբաղեցրեց հանգուցյալ եղբոր` Վազգեն Սարգսյանի թափուր թողած վարչապետի պաշտոնը:
Այդ ընդդիմությունն էլ հասարակությանը տարավ 2003 թվականի նախագահի և խորհրդարանի ընտրությունների: Նախագահի ընտրությանը ընդդիմության միասնական թեկնածուն էր Ստեփան Դեմիրճյանը, ում օգտին իր թեկնածությունը հանեց Արամ Սարգսյանը: Արտաշես Գեղամյանն էլ այն ժամանակ համարվում էր ընդդիմության ծանրակշիռ ներկայացուցիչ, բայց հետո իհարկե պարզվեց, որ նա ընդամենը «դատարկ դհոլ» էր: Իսկ ընդդիմությունը պաշտոնապես կրկին պարտվելով իշխանության ներկայացուցչին` չգնաց կտրուկ քայլերի և գերադասեց մասնակցել խորհրդարանի ընտրությանը, որ տեղի ունեցավ երեք ամիս անց:
Նախագահի ընտրությանը իշխանությանը զիջած ընդդիմությունը կազմեց «Արդարություն» դաշիքը, որի մեջ մտան մի քանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, որն էլ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ մասնակցեց ընտրությանն ու ստացավ խորհրդարանական մոտ քսան տեղ, ինչն իհարկե անհամեմատ փոքր արդյունք էր, քան այն, որ իրականում ընդդիմությունն արձանագրել էր նախագահի ընտրությանը, երբ ընտրության արդյունքը վիճարկող հանրահավաքների երկարությունը ձգվում էր Մատենադարանից գրեթե մինչև Օպերայի շենք:
Խորհրդարանի ընտրությունից հետո այդ ընդդիմությունն էլ սկսեց իր մայրամուտը, որը իհարկե նախկինի պես արագ չէր, բայց պակաս դինամիկ և շոշափելի չէր, իսկ արդյունքն էլ այն էր, որ 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը Հայաստանի ընդդիմությունը կրկին` որպես համակարգ գոյություն չուներ և կային ընդամենը ընդդիմադիր կուսակցություններ և ուժեր, ովքեր ավելի շատ խանգարում, քան օգնում էին միմյանց: Դա տվյալ ընդդիմությունների վերջն էր և սկիզբը նոր ընդդիմության, որ ձևավորեց առաջին նախագահ, առաջին ընդդիմության մայրամուտը տեսած Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 1998 թվականին հեռանալով` 2008 թվականի շեմին վերադարձավ քաղաքականություն:
Այսինքն` հերթական անգամ Հայաստանի քաղաքական դաշտը նոր ընտրության էր գնում նոր ընդդիմությամբ: Սարերի հետևում չէ ընտրությունը, ու այդ առումով ինքնաբերաբար կարծես թե հարց է առաջ գալիս` ընդդիմությա՞մբ է լինելու այդ ընտրությունը, թե՞ ընդդիմություններով: Այդ հարցի պատասխանի որոշակի տարրեր ներկայիս իրականության մեջ կան: Բանն այն է, որ ընտրական հերթական փուլի ավարտից հետո տվյալ փուլի մասնակից ընդդիմությունը կա այդ ընթացքում քայլեր է ձեռնարկել համակարգային կառույց դառնալու ուղղությամբ:
Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ի տարբերություն նախորդ ընդդիմությունների առաջնորդների, հաջողվեց հասնել այն բանին, որ ընտրությունից, դրան հաջորդած պայքարից և այդ պայքարի հանդեպ իշխանության բռնությունից հետո ընդդիմությունը ոչ միայն ցաքուցրիվ չեղավ, այլ կարողացավ պահպանվել և գործունեություն ծավալել շարունակվող ռեպրեսիաների, մի քանի տասնյակ քաղբանտարկյալների, արգելվող հանրահավաքների, փակ մամուլի պայմաններում: Այդ գործունեությունը համակարգային դարձնելու համար ստեղծվեց Հայ Ազգային Կոնգրես, որը փաստացի աննախադեպ կառույց է բոլոր ընդդիմությունների պատմության ընթացքում` այն առումով, որ այն ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորել է ոչ թե նախընտրական, այլ հետընտրական ժամանակահատվածում:
Դա ընդդիմության համակարգ ձևավորելու գուցե թույլ, գուցե անբավարար, բայց հատկանշական և խոսուն նախանշան է: Կարևորը նաև այն է, որ ընդդիմության համակարգման այդ փորձը բարձրացրել է կարծես թե նաև ընդդիմադիր դաշտի անվտանգության աստիճանը և այնտեղ այլևս չի կարող ներթափանցել ով ցանկանա կամ չեն կարող ներդնել ում ցանկանան: Ընդդիմության ներկայիս գործունեության հանդեպ նկատվելու արժանի է այդ ձեռքբերումը, ինչը շատ հավանական է դարձնում, որ Հայաստանի նոր ընտրական փուլին կմասնակցի նախորդին արդեն իսկ մասնակցած ընդդիմությունը:
Լա՞վ է դա, թե՞ վատ: Թերևս կարող է լինել խիստ տեսական վեճ, քանի որ Հայաստանը դեռևս չունի այդօրինակ պրակտիկ իրավիճակի նախադեպ: Պարզապես, եթե իհարկե ներկայիս քաղաքական տրամաբանությունը չփոխվի ու նաև ընդդիմությունն էլ կարողանա բավարար չափով կատարելագործել իր համակարգը և ոչ թե մսխել այն, հաջորդ ընտրական փուլում կարող է առաջին անգամ ստացվել մի իրավիճակ, երբ համակարգային իշխանության դեմ կարող է պայքարել համակարգային ընդդիմությունը: Թե ինչ դուրս կգա դրանից` ցույց կտա ժամանակը:










































