Արման Թաթոյանի խոսքով` պետք է պարբերաբար վերանայել որոշումն ու արգելքի անհրաժեշտության վերացման դեպքում վերացնել կայացված որոշումը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դարձյալ բողոքներ է ստացել կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` այդ բողոքների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կայացրած որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրներն այս առումով համակարգային են, անթույլատրելի պրակտիկան՝ շարունակական:
«Նման պայմաններում սահմանափակումը հաճախ կիրառվում է ինքնանպատակ, առանց իրավաչափ շահի հետապնդման, ավելին, ունենում է կալանավորված անձին հոգեճնշելու, նրանից քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու միտում: Ստացվում է, որ անձին ազատությունից զրկելուց զատ, նրան պատճառվում են լրացուցիչ զրկանքներ՝ ընտանիքի հետ կապը սահմանափակելու ձևով»,–գրել է Թաթոյանը:






































