Գերմանիայում կկայանա Աֆղանստանի հարցով G20-ի նախարարների վիրտուալ հանդիպում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է BBC-ն։ Հանդիպման կազմակերպիչներն են ԱՄՆ-ն ու Գերմանիան։
Պետքարտուղարը նշել է, որ կիրակի կուղևորվի Դոհա։ Այնտեղ կհանդիպի Կատարի իշխանությունների ներկայացուցիչների և աֆղան փախստականների հետ, այնուհետև կուղևորվի Գերմանիա։ Այնտեղ Բլինկենն Աֆղանստանում տիրող իրավիճակը կքննարկի Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ, իսկ այնուհետև կմասնակցի G20-ի վիրտուալ հանդիպմանը։
Գլխավոր թեման կվերաբերի թալիբների հանդեպ պահանջներին։
«Ուշադրություն կկենտրոնացվի հարցերին, որոնք վերաբերում են երկրում տեղաշարժի ազատությանը, ահաբեկչության դեմ պայքարին և մարդու հիմնարար իրավունքների պահպանման պարտավորությանը»,-ասվում է հայտարարության մեջ։
Բլինկենը հավելել է, որ իր գերատեսչությունը մշտական կապի մեջ է ամերիկացիների հետ, ովքեր դեռևս գտնվում են Աֆղանստանում և ցանկանում են հեռանալ։ ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել Աֆղանստանից ընդունվող փախստականների թիվը՝ հասցնելով առնվազն 50 հազարի։








































