Գյումրիի շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված և շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահվանը հասցրած անմարդկային արարքը դատապարտող Հայաստանի բժիշկների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ վերը նշված դեպքը հնչեղություն ստացածներից մեկն է, սակայն կան շատ դեպքեր, որոնք մահվան ելքի չեն հասնում և մնում են ստվերում:
«Նման դեպքեր շատ կան, պարզապես չեմ ցանկանա որևէ մեկը այս պահին առանձնացնել: Մեր հայտարարության նպատակը տվյալ խնդրի վրա ուշադրություն հրավիրելն է: Ներկա պահից սկսվում է մոնիտորինգը, թե ինչ է կատարվում: Ավելին՝ մենք սկսելու ենք պարբերաբար հաղորդել, այդ թվում՝ բժիշկների նկատմամբ իրավական ոտնձգությունների, իրավունքների ոտնահարման և այլնի մասին: Այսպիսի դեպքերը տարեկան կտրվածքով կարող եմ ասել՝ տասնյակներից անցնում են»,- ասաց Պարունակ Զելվեյանը:










































