Հայաստանի խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման և քննարկման երկրորդ օրը գերազանցեց առաջինին: Գերազանցեց իհարկե ոչ թե քննարկումների բովանդակությամբ, այլ անբովանդակ աղմուկի աստիճանով, որը բառի բուն իմաստով վերածվեց ծեծկռտուքի այն բանից հետո, երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շիշ նետեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում և խոսում այն մասին, որ պետական դավաճան են պաշտպանության բոլոր այն նախարարները, որոնց ժամանակ փողով ազատվել են բանակում ծառայելու պարտավորությունից: Դրան հաջորդել էր Սեյրան Օհանյանի արձագանքը, թե դավաճանը Հայկ Սարգսյանն է, որին հաջորդեց Սարգսյանի՝ «քո հետ ե՞մ, արա» արտահայտությունը և շշի նետումը Սարգսյանի ուղղությամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի և հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանի հետ:









































