Աֆղանները, ովքեր հաստատվել են թալիբների կողմից չվերահսկվող Փանջշեր նահանգում, խնդրում են Արևմուտքին իրենց զենք ուղարկել։ Այս մասին ասվում է դիմակայության մարտիկների առաջնորդ Ահմադ Մասուդի հայտարարությունում, որը հրապարակել է Washington Post-ը։
Մասուդը, ում պարբերականն անվանում է Աֆղանստանի դիմակայության ճակատի առաջնորդ, թալիբների դեմ կռված «Հյուսիսային դաշինքի» հանգուցյալ ղեկավար Ահմադ Շահ Մասուդի որդին է։
Մասուդ կրտսերը նշել է, որ Փանջշերը պաշտպանելու իր կոչին արձագանքել են աֆղանական բանակի մարտիկները, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները, ովքեր նահանգ են ուղևորվել զենքով ու տեխնիկայով։








































