
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը
–Պարոն Մելքոնյան, սահմանային լարվածությունը չի թուլանում, Ադրբեջանը վերջին օրերին կոնկրետ գործողությունների է անցել, նախօրեին երկու զոհ ունեցանք, վիրավոր ունենք։ Կրակոցները չեն դադարում: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը և Հայաստանի հիմնական անելիքները որոնք պետք է լինեն այս իրավիճակում։
-Առաջինը մեր անելիքը բանակի վերակառուցումն ու վերազինումն է, որը արդեն սկսվել է, ամեն ինչ արվում է պլանավորվածի պես։ Բանակը ոտքի ենք կանգնեցնում, գնում ենք դեպի պրոֆեսիոնալ բանակի։ Երկրորդը՝ 30 տարի մենք անընդհատ լսել ենք թե Արցախի հատվածում, թե Հայաստանի հատվածում, որ կրակոցներ լսվել են։ Հիմա էլ և Արցախի հատվածում, և Հայաստանի հատվածում կրակոցներ կան։ Երբ որ մեր հակառակորդը թուրքն է, մեր թշնամին նենգ է։ 30 տարի կրակել է, հիմա էլ կրակում է, վաղն էլ կկրակի։ Թող ոչ ոք չսպասի, որ կրակոցները սահմանին կդադարի։ Մինչև մենք մեր հիմնական հարցը չլուծենք, սահմանին կրակոցները չեն դադարի։
-Բայց Ադրբեջանը կարծես չի սպասում մինչև մեր բանակը վերազինվի։ Այսպես ամեն օր զոհեր տալով, մենք ո՞ւր կարող ենք հասնել։ Դուք մտահոգություն չունե՞ք, որ Ադրբեջանի գործողությունները ինչ-որ պահից կարող են վերաճել ավելի լայնամասշտաբ պատերազմի։
-Ես չեմ կարծում, որ վերաճի ավելի լայնամասշտաբ գործողությունների, բայց իրենք կփորձեն ամեն ինչ անել; Իրենք կհարձակվեն, կփորձեն նոր դիրք վերցնել, առաջ գալ։ Դրա համար մենք ոչ թե սպասում ենք, որ բանակը վերազինվի, այլ մենք վերազինվում ենք ու մեր բանակը մեր սահմանները պաշտպանում է զուգահեռ։
–Այսինքն այս պահին Հայաստանի անելիքը միայն սահմանը պաշտպանե՞լն է։ Դիվանագիտական հարթության մեջ Հայաստանը ի՞նչ պետք է անի Ադրբեջանի ախորժակը զսպելու համար։
-Մեր անելիքը բանակի վերակառուցումն է։ Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, ապա մենք դաշնակից ունենք, որը Ռուսաստանն է։ Դաշնակցի հետ մեր հարաբերությունները կարգավորված են, պայմանագրային պարտավարություններ կան, որը կատարվում է։
-Իսկապե՞ս կատարվում է։ Կարծես թե մեկ այլ պայմանագրային պարտավորություն էլ ՀԱՊԿ-ը ուներ ստանձնած Հայաստանի նկատմամբ, բայց տեսանք ինչ եղավ։
-Դե դրա համար ասում եմ, որ մեր անելիքը մեր բանակը վերակառուցելն ու մեր վերազինելը պետք է լինի։
–Պարոն Մելքոնյան, Ադրբեջանը այս գործողություններով, սահմանը լարված պահելով ի՞նչ խնդիր է լուծում։
-Ադրբեջանը մտածում է, որ Հայաստանը այսպիսով պետք է վախենա իրենից և ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում և համաձայնություն տա Զանգեզուրի միջանցքին։ Բայց իրենք չարաչար սխալվում են։
–Հայաստանը որևէ պարագայում չի՞ համաձայնի դրան, անկախ ճնշման մեծությունից։
-Իհարկե չի համաձայնի։ Դա բացառված է։ Այս պահի դրությամբ էլ Հայաստանը պատրաստ է ու տալիս է համարժեք պատասխան Ադրբեջանի ցանկացած գործողության։ Դա է մեր անելիքը։