Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 17-ին կանցկացնեն շտապ կոնսուլտացիաներ Աֆղանստանի իրադրության շուրջը՝ տեսախորհրդաժողովի ձևաչափով: Օգոստոսի 16-ին այդ մասին Twitter-ում գրել է արտաքին գործերի և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Հետևելով Աֆղանստանի իրադրությանը՝ վերջին օրերին և ժամերին օտարերկրացի գործընկերների հետ ինտենսիվ շփումներից հետո ես որոշում ընդունեցի հրավիրել Եվրամիության արտաքին գործերի նախարարների արտակարգ տեսախորհրդաժողով վաղը օրվա երկրորդ կեսին Աֆղանստանի իրադրության առաջին գնահատման համար»,- գրել է նա:
Եվրամիությունն այժմ մտահոգված է Քաբուլից իր դիվանագիտական և տեխնիկական անձնակազմի տարահանմամբ, նաև քննարկվում են այն աֆղաններին ապաստանի տրամադրման հարցերն, ովքեր աշխատել են Եվրոպայի ներկայացուցչություններում:
Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հայտնել է, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները պլանավորում են օգոստոսի 17-ին քննարկել Աֆղանստանի իրադրությունը:
Եվրոպայի շատ երկրներ այս պահին Աֆղանստանից տարահանում են իրենց քաղաքացիներին, կրճատում են անձնակազմը դիվանագիտական ներկայացուցչություններում, շատերն այնտեղ փակում են իրենց դեսպանությունները:







































