Էստոնիայի պաշտպանության նախարարության շենքում երեկ կրակ բացած 57-ամյա անձը, ինչպես արդեն հայտնի է, եղել է Մաարդու քաղաքից ծագումով հայ իրավաբան Կարեն Դրամբյանը:
Հայտնի է, որ Կ. Դրամբյանը ծնվել է Երևանում, սովորել Տարտուի հեղինակավոր համալսարանում, Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ առանձնապես չի շփվել:
Էստոնիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ Դրամբյանը եղել է Միացյալ ձախ կուսակցության անդամ, մի քանի անգամ Մաարդուի քաղաքային խորհրդի պատգամավոր դառնալու անհաջող փորձեր է կատարել: Կուսակցությունից հայտնել են, որ Դրամբյանին հարձակման կարող էր դրդել ռուսալեզու բնակիչների իրավունքների ոտնահարումը:
Վարկածներից մեկի համաձայն՝ Դրամբյանն այդ ծայրահեղ քայլին կարող էր գնալ անձնական դրդապատճառներից դրդված: Նա ընտանեկան ծանր ողբերգություն էր ապրել, տառապում էր ծանր հիվանդությամբ: Նրա բնակարանի վրա նախօրեին կալանք էր դրվել՝ պարտքերի պատճառով, այնուհետև բնակարանը վաճառվել էր աճուրդում:
Դրամբյանին իր մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունից զրկել էին միայն նրա համար, որ չէր ունեցել էստոներեն լեզվին տիրապետելու տեղեկանք:
Վերջին տվյալների համաձայն՝ Դրամբյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ զոհվել է ոստիկանության գործողությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ Դրամբյանի հարձակման արդյունքում տուժածներ չկան: Միակ տուժողը հենց ինքը՝ Դրամբյանն էր:

.jpg)












































