Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը (ԱրմՌոբոտիքս) հրավեր է ստացել՝ մասնակցելու «ԱՊՀ ավիացիայի և տիեզերագնացության ապագան» ԱՊՀ երկրների երիտասարդ ավիանախագծողների ցուցահանդեսին, որը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսի 16-21-ը ՄԱԿՍ-ի (Միջազգային ավիատիեզերական սալոն) շրջանակում:
Ցուցահանդեսին մասնակցելու նպատակն է ներկայացնել Հայաստանը որպես ԱՊՀ տարածքում ինժեներական և տեխնոլոգիական առաջատար երկիր, ինչպես նաև համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել ինժեներական նախագծմամբ զբաղվող անհատների և երիտասարդական կազմակերպությունների հետ:
2008 թ. սկսած՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը, որն իր մեջ ներառում է ԱրմՌոբոտիքս մրցույթները, ակումբը և դպրոցական խմբակները:












































