Այսօր երեկոյան ժամը 20:00-ին Թումոյում կտրվի ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի բացման եռօրյա հանդիսավոր արարողությունների մեկնարկը:
Ժամը 20:30-ին կսկսվի Ռեինկարնացիա խմբի շուրջ 1.5 ժամանոց համերգը, ժամը 22:00-ին ներկաները կլսեն կենտրոնի բարերարներ Սիլվա և Սեմ Սիմոնյանների ողջույնի խոսքը հատուկ 3D արտապատկերումով, իսկ հետո մինչև ժամը 01:00 կշարունակվի երիտասարդական երեկույթը` DJ BaxStar-ի պարային երաժշտությամբ, որը կընդմիջվի 3D արտապատկերման կրկնությամբ:
Կենտրոնի մամլո պատասխանատու Սեդա Պապոյանը «Առաջին լրատվականին» հայտնեց, որ
այսօր և վաղը կկատարվի կենտրոնում սովորելու ցանկություն ունեցող պատանիների նախնական գրանցում. «Դա շատ խորհրդանշական է լինելու, միջոցառման ժամանակ միայն անուն, ազգանուն և մի քանի անձնական տվյալներ կհավաքենք նրանցից, ովքեր ուզում են սովորել: iPad-երով կամավորները կշրջեն և 12-18 տարեկան ցանկացողներին նախնական կգրանցեն, իսկ արդեն օգոստոսի 15-ից, երբ կսկսվի պաշտոնական գրանցումը, այդ գործընթացը նրանց համար ավելի կարագացվի»:
Հավելենք, որ օգոստոսի 12-14-ի միջոցառումների ժամանակ կարելի է ուղարկել կարճ հաղորդագրություններ 077188661, 099188661 և 055188662 համարներին ու դրանք այդ պահին կհայտնվեն Թումոյում տեղադրված հսկայական էկրանի վրա և շենքի վրա արտապատկերվող հեռարձակման մեջ:
Ի դեպ, այսօր և վաղը միջոցառումներին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել www.tumo.org-ի միջոցով:







































