Վերջին երեք տարիների ընթացքում լուծվեցին հասարակական հոգեբանության և նույնիսկ ֆիզիոլոգիայի, պետական իշխանության մտածողության հետ կապված բավական էական խնդիրներ:
Թեև հնարավոր չեղավ Հայաստանում իշխանափոխության հասնել, այնուամենայնիվ հնարավոր եղավ իշխանության մոտ փոխել որոշակի պատկերացումներ հասարակության և նրա ուժի մասին, ստիպել իշխանությանը գոնե հասկանալ ձևական հանդուրժողականություն ցուցաբերելու, իմիտացված բարեփոխումների պատրանք ստեղծելու կարևորությունը: Եվ թվում է, որ այդ փոփոխությունների արձանագրումը անխուսափելիորեն բերելու էր դետոնացիայի էֆեկտի, և դրանք աստիճանաբար ընդգրկելու էին ավելի լայն տարածություն և լուծելու էին ավելի կարևոր հարցեր:
Բայց այդ ամենն այժմ գտնվում է կարծես թե կտրուկ արգելակման վիճակում: Ավելին, նկատելի է առավել վտանգավոր մի երևույթ` իշխանության, իսկ ավելի կոնկրետ` դրա քրեաօլիգարխիկ էության կողմից նկատելի է հակառակ երթևեկ: Այսինքն, քրեաօլիգարխիկ բնույթը դուրս է եկել հանդիպակաց երթևեկ և աստիճանաբար ավելացնում է իր շարժման արագությունը: Սա հասարակական շարժման թափի ակնհայտ դանդաղեցման հետևանքն է, որը ստիպված ենք արձանագրել: Բայց խնդիրն այն է, որ այս դեպքում արագությունների այդ անհամարժեք փոփոխության պայմաններում արդյունքը լինելու է շատ ավելի վատը, քան ելման կետը:
Հանդիպակաց արագությամբ ինքնավստահ երթևեկ սկսած քրեաօլիգարխիկ համակարգը հասարակական ալիքը նետելու է ավելի հետ, քան ելման դրությունն էր երկու տարի առաջ: Սա երևի թե լրջագույն խնդիր է, որը կանգնած է հասարակության առաջ և պահանջում է հրատապ լուծում: Քրեական և օլիգարխիկ գործընկերությունը սկսել է Հայաստանում իրեն ավելի ու ավելի ինքնավստահ զգալ, վերագտնել իրեն, նույնիսկ հավատով լցվել սեփական ուժերի հանդեպ, համոզված լինելով, որ իրեն հաջողվեց դիմագրավել ամենավտանգավորը` հասարակական համընդհանուր ալիքը:
Քրեաօլիգարխիկ համակարգը արդեն նույնիսկ ավելորդ տուրք չի տալիս պարզ արարողակարգերին, շղարշներին և ձևականություններին: Սա հասարակական շնչառության բացակայության հետևանքն է, այն շնչառության, որը նույն այդ քրեաօլիգարխիկ համակարգին ընդամենը ամիսներ առաջ գամել էր իր բնում և թույլ չէր տալիս որևէ կերպ ինքնադրսևորվել, հասարակության դեմ բացահայտ պատերազմի դուրս գալուց բացի, անել որևէ այլ բան, ունենալ որևէ այլ անելիք:
Իրավիճակն այժմ սպառնում է սրընթաց կերպով շուռ գալ գլխիվայր:
Ավելորդ է ասել կամ պատկերացնել անգամ, թե դա ինչ վտանգներով է հղի հասարակության և պետության համար: Մինչդեռ միայն կորիզով հնարավոր չէ դիմագրավել այդ կրկնակի էքսպանսիան, քանի որ եթե անգամ կորիզը մնա, միևնույն է, կողքը բան չի մնա կորիզը հարստացնելու և պտղով պատելու համար:









































