Զրուցելով ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռուբեն Մելքոնյանի, նաև ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ՝ թերթը գրում է, որ նրանցից ոչ մեկ չի մատնանշել որևէ օրենք, որով շները պարտավորվում են դնչկալով լինել.
«Հայաստանում չկա օրենքի որևէ կետ, որ ոստիկանին իրավունք է տալիս մոտենալ շան հետ զբոսնող քաղաքացուն և նրանից պահանջել դնչկալ հագցնել հանգիստ զբոսնող շանը: Կարող են լինել քաղաքացիներ, ովքեր կասեն, թե անկախ օրենքից, ոստիկանների այդ պահանջը ճիշտ է: Բայց, օրինակ, իմ ունեցած շունը Հայաստանի շատ ու շատ ոստիկաններից, այդ թվում և` բարձրաստիճան, մարդասեր է ու հանդուրժող, ոմանցից` նույնիսկ խելոք: Այդ շանը ինչու պիտի դնչկալ հագցնեմ: Եվ հետո, կրկնում ենք, ոստիկանի պահանջը պետք է օրենքով հիմնավորված լինի, թե չէ` կարող են ցանկացած տիպի պահանջ ներկայացնել` սկսած հագուկապից, վերջացրած երեխաների ձեռքերը կապելուց, որ հանկարծ անցորդների վրա քար չշպրտեն:
Փաստն այն է, սակայն, որ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ արձանագրեցին, որ իրենք չեն տիրապետում օրենքներին, և իրենց միակ օրենքը բեսպրեդելն է: Ինչ վերաբերում է դնչկալների նկատմամբ նրանց հատուկ հակմանը, չեմ բացառում, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա մեծ խմբաքանակ դնչկալ է ներկրել Հայաստան, և հիմա դրանք իրացնելու խնդիր է առաջացել: Ի դեպ, դնչկալ կրելու պարտավորություն ՀՀ օրենքով հենց ոստիկաններն ունեն, ավելի ճիշտ` նրանց շները: Շներով պարեկող ոստիկանները հասարակական վայերում պարտավոր են իրենց շներին դնչկալ հագցնել, որովհետև ոստիկանական շները ագրեսիվ են և անուղեղ»:





































