Այսօր ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության և մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանից տեղեկացանք, որ, ըստ անձնագրային տվյալների, Հայաստանից մեկնողների 35 տոկոսն արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ մյուսները՝ կանայք են:
Սա արտաքին միգրացիան է: Վերը նշված տոկոսների ընդհանուր թիվն ընդամենը 3300 է կազմում, քանի որ դրանք միայն անձնագրային բաժնի տվյալներն են: «Սրանք այն քաղաքացիներն են, ովքեր գնում և իրենց մեկնումը պաշտոնապես գրանցում են, մեկնում են հաշվառումից դուրս գալուց հետո:
Իսկ այն մարդիկ ովքեր, որ ուղղակի գնում են և գալիս առանց անձնագրային բաժին դիմելու, բնականաբար, վիճակագրական տեսադաշտում չեն կարող երևալ:
Նրանք երևում են ուղևորափոխադրումների մեջ, բայց այդ դեպում էլ , թե նրանցից քանիսն են մեկնում աշխատանքի, քանիսը այլ գործերով՝ արդեն պարզ չէ:
Ինչ վերաբերում է նրանց սեռային բաշխվածությանը՝ այս տարվա սկզբից նոր ենք սկսել այդ գործընթացին ընթացք տալ և ավելի ուշ այդ տվյալները կարող ենք տրամադրել: Բայց սա արդեն մեծ թիվ է»,- ավելացրեց տիկին Կույումջյանը:












































