«Լույս» հիմնադրամի շնորհիվ աշխարհի առաջատար վարկանիշային համալսարաններում այժմ սովորում է 200 հայ ուսանող։ Այս տարի «Լույս»-ը դրամաշնորհ կտրամադրի ևս 135 երիտասարդների, որոնք ընդունվել են հիմնադրամի վարկանիշային ցուցակում ընդգրկված համալսարանները։ Հիմնադրամը հայրենիք վերադառնալու որևէ պարտադրանք չի դնում իր ուսանողների վրա: «Լույս»-ի համար կարևորը այն է, որ արտերկրում կրթություն ստացած մասնագետներն իրենց գիտելիքն օգտագործեն Հայաստանի զարգացմանն աջակցելու համար. այս մասին մեզ հետ զրույցում ասում է հիմնադրամի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը։
Մենք, այնուհանդերձ, փորձեցինք ճշտել թե հիմնադրամի կողմից ֆինանսավորված ուսանողներից քանի՞սն են առ այսօր վերադարձել Հայասատան, սակայն տիկին Կարաասլանյանը հրաժարվեց տրամադրել այդ տեղեկությունը։ «Իհարկե, մենք ունենք բոլոր շրջանավարտների մասին տեղեկություն, այդ ամեն տվյալները գրանցվում են, սակայն դա չէ կարևորը։ Մենք բոլորս ունենք երկու կյանք, մեկը՝ թե որտեղ ենք ապրում ֆիզիկապես, մյուսը՝ թե ում հետ ենք շփվում ու աշխատում։ Այս երկրորդը ամենակարևորն է։ Պետք է ծրագրեր ստեղծենք, իրար հետ աշխատենք Հայաստանում, աշխատենք Հայաստանը կապել աշխարհի հետ»,- ասում է Ժաքլին Կարաասլանյանը։
Այս տարի «Լույս»-ի կողմից դրամաշնորհ ստացած ուսանողներից 30-ին այսօր հյուրընկալեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով կարևորեց հայ ուսանողների դերը սփյուռքի համայնքների և հայրենիքի հետ կապերի ամրապնդման հարցում։
Ուսումնական նոր տարին հեղինակավոր բուհերում դիմավորելու սպասող երիտասարդներն «Առաջին լրատվականին» հայտնեցին, որ իրենց ապագան չեն տեսնում Հայաստանից հեռու։ Նրանց մեծ մասը դեռ չգիտի, արդյոք ծրագրի ավարտից անմիջապետ հետո կվերադառնա՞, թե՝ ոչ, բայց որ գիտելիքները կներդնեն հայրենիքի համար, ուսանողների խոսքերով՝ միանշանակ է:











































