
«Առաջին լրատվական»-ի զրուցակցին է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։
-Պարոն Մալխասյան, ՀՅԴ–ն հայտարարել է, որ լինելու է արմատական ընդդիմություն ու իր կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ անձանց կոչ է անում շարունակել վճռական պայքարը՝ օր առաջ իշխանություններին հեռացնելու համար։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ։
–Քաղաքականության մեջ մի ոսկե կանոն կա։ Եթե քրիստոնեությունն ասում է՝ մի՛ դատիր, որ չդատվես, ապա քաղաքականությունն ասում է՝ դատիր, ոչ չդատվես։ Հիմա Փաշինյանը չկարողացավ նրանց դատել, նրանք էլ մտածում են՝ ով որ պետք է իրենց դատեր, թույլ է ու խեղճ, իրենք են ոտքի ելել՝ Փաշինյանին դատելու։ Բայց ես ապշում եմ, որ գայլը վրան ոչխարի մորթի է առել ու եկել գառներին դատավոր դարձել։
Կարող է շատերը մոռացած լինեն, բայց Քոչարյանի իշխանության տարիներին, երբ ընդդիմությունը նրան շատ քննադատում էր, նա հայտարարեց, որ լուծել են այս ու այս խնդիրը, նաև՝ պրեզիդենտի տակ պառկող կուսակցությունների խնդիրը։ Ես հիշում եմ, որ այդ հանցագործ բանդիտական իշխանությունը պահելու նպատակով՝ նրանք որդեգրեցին ժողովրդին խեղճացնելու ու բարոյալքելու ճանապարհը։ Հասարակությանը փչացնելը կարծես դարձել է Քոչարյանի ու Դաշնակցության գերխնդիրը։ Իրենք այս ընտրություններին քիչ ձայն չեն հավաքել ու դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Նրանք իրենց իշխանության տարիներին առաջ բերեցին ցինիզմի ու առևտրի բոլոր նրբությունները։ Սկսած՝ փառամոլ, վախկոտ ու տխմար ակադեմիկոսներից մինչև ծախու մտավորականներ։ Մականունավոր կիսագրագետ փչացած պատգամավորներից մինչև 100 դոլարանոց երգիչներ ու երգչուհիներ։ Հանցագործ փչացած գյուղապետերից մինչև ստախոս կուսակցության պետեր, որոնք մեկ րոպեում պատրաստ են իրենց կուսակցությունը վաճառել։ Այս ընտրություններին նաև դա տեսանք։ Ամեն ինչ վաճառվում է ու գնվում։ Հիմա այդ փչացած դասակարգը ոտքի ելավ իրենց պաշտպանելու, իրենք հենց դրա համար էին փչացրել։ Եթե մարդիկ ընդունել են ստորության կանոնները, պետք է շարունակեն այդ ճանապարհը ու գնան մինչև վերջ։
-Նրանք նաև Սահմանադրական դատարան են դիմել, ի՞նչ սպասել։
-Այդ մարդիկ արդարադատություն են պահանջում՝ այն դեպքում, երբ 20 տարի անարգել պղծել, կողոպտել ու թալանել են երկիրը՝ բոլոր ուղղություններով ու երանգներով։ Ոչ ոք նրանցից հաշիվ չպահանջեց այդ թալանածի համար, դրա համար էլ հիմա իրենք են հաշիվ պահանջում։ Ինչքան անմեղ դատեր եղան, անհամեստ չհնչի՝ այդ թվում նաև ինձ։ Ինձ ՄԻԵԴ-ը արդարացրեց, բայց որևէ դատախազ ու դատավոր պատասխան տվե՞լ է դրա համար։ Այսինքն՝ անարդարության, կեղծիքների մեղքերը վզին՝ մարդիկ գնացել արդարություն են պահանջում։ Կատարյալ զավեշտ է։ Նրան իշխանության են եկել հայ ժողովրդի արյան ու դիակների վրայով։Այդ նույն մարդիկ այսօր եկել արդարությունից ու արդարադատությունից են խոսում։ Սրա պատճառն այն է, որ հեղափոխությունից հետո եկած ուժերը չլուծեցին բանդիտների խնդիրը, չգամեցին նրանց անարգանքի սյունին։ Դաշնակցությունը նախևառաջ թող իր կատարածներից խոսա։ Լավ ճանաչում եմ Արագածոտնի նախկին դաշնակցական մարզպետին։ Շատ լավ գիտեմ, որ նախքան մարզպետ դառնալը չափավոր կյանքով ապրող մարդ է եղել։ Մարզպետ դառնալուց հետո ֆանտաստիկ հարստությունների տեր դարձավ։ Որևէ մեկը նրանցից հաշիվ պահանջե՞ց, եթե՝ ոչ, ապա նրանք մեզնից կպահանջեն հաշիվ։ Կյանքի օրենքն է այդպես։
Եթե Նիկոլը շարունակի այս քայլերով առաջ գնալ, ապա մինչև հոկտեմբեր ամիս՝ նրանք Նիկոլի գլուխը կուտեն։ Կա՛մ կտապալեն կա՛մ էլ Նիկոլի անգործության պատճառով ժողովուրդը կզզվի նրանից ու դուրս կգա և՛ Նիկոլին տապալելու և՛ նրանց։
-Իսկ ի՞նչ գործողություններ են հնարավոր՝ հակաօրինական և հակասահմանադրակա՞ն։
-Անպայման հնարավոր են նման քայլեր։ Մարդուն ճանաչելու համար պետք է նայես նրանց անցյալը։ Իսկ նրանք թաղված են արյան մեջ։ Արյան ծարավ են։ Եթե նրանք զգում են, որ ժողովրդավարական ձևերով հնարավոր չէ իշխանություն փոխել՝ պետք է անցնեն Պլան Բ-ի՝ ֆիզիկապես ոչնչացնել։ Ինչու՞ են դիմել սահմանադրական դատարան, որպեսզի ժամանակ շահեն։ Եթե մեկ ամիս էլ այդ քայլերի հետևանքով ձգձգեն, Նիկոլն էլ չկարողանա Ազգային ժողով ու կառավարություն ձևավորել, դժգոհությունը կշատանա։ Ավելի կխորանան այն կարծիքները, որ Նիկոլը թույլ է, չի կարողանում ոչինչ անել։ Այդ թուլացած պահերին այնպիսի մի հարված կհասցնեն, որ Նիկոլը կբժժի։ ժամանակին Վազգենին էլ էինք հարյուր անգամ զգուշացնում, ասում էինք դավեր են նյութում, բայց բանի տեղ չդրեց ու արդյունքը տեսանք։ Երկու անգամ Վազգենը ծեծեց Քոչարյանին, նա ձայն չէր հանում, բայց հետո կամաց ծրագիրը կազմեց, որ ոչ թե ծեծեց այլ մարդուն հողի տակ մտցրեց։ Նույնն էլ հիմա է լինելու։ Ինչու՞ կտրուկ քայլեր չի անում, որովհետև չունի համակարգ, ԱԱԾ։ Խիստ, վճռական քայլեր ես չեմ տեսնում։ Միլիարդներով սրբել-տարել են երկիրը, բայց նույնիսկ կեսը չեն կարողանում հետ բերել, որովհետև չունեն գործիքակազմ, արհեստավարժ մասնագետներ։