Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հոդված է հրապարակել Պուտին-Բայդեն հանդիպման «հետքով», որտեղ խոսում է ամերիկա-ռուսական հարաբերության հեռանկարի, Արևմուտքի վարքագծի, Ռուսաստանին ու Չինաստանին կանոններ պարտադրելու նկրտումների մասին, ինչպես գնահատում է ՌԴ արտգործնախարարը: Հոդվածը անհետաքրքիր չէ, թեև չի պարունակում սկզբունքորեն նոր բան: Միաժամանակ, ավելի հետաքրքիր է մեկ այլ երևույթ:
ՌԴ արտգործնախարար Լավրովը հոդվածով «կռիվ» է տալիս Արևմուտքի դեմ և մատնացույց անում այդ համատեքստում նաև Սև ծովում տեղի ունեցող Sea Breeze-2021 զորավարժությունն ու դրա աննախադեպ մասշտաբը, իսկ զուգահեռ՝ Կովկասում, Ադրբեջանում, մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունը: Այն իր մասշտաբով իհարկե ՆԱՏՕ զորավարժություն չէ, սակայն ՆԱՏՕ անդամ Թուրքիան վերջին տարվա ընթացքում երևի թե արդեն տասնյակ կամ ավելի զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ, զանազան մասշտաբի ու բնույթի, և նաև վարել է մեկ պատերազմ՝ Արցախի ու Հայաստանի դեմ: Ու այդ ամենին Լավրովը ոչ միայն հոդվածով իսկ չի պատասխանել, այլ հակառակը՝ Թուրքիայի այդ հավակնությունները հաշվի առնելն ու Անկարայի հետ պայմանավորվելը Լավրովը ներկայացրել է իբրև Ռուսաստանի քաղաքական, դիվանագիտական, ռազմա-քաղաքական ձեռքբերում: