Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը մեկնաբանել է Ադրբեջանի ու նրա ղեկավարության վերաբերյալ սպառնալիքներ պարունակող Իրանի Գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությունը.
«Ադրբեջանական պետության քաղաքականությունը հիմնված է այլ ինքնիշխան երկրների ներքին գործերին չմիջամտելու վրա։ Դրան զուգահեռ, մենք որևէ մեկին չենք թույլատրի միջամտել Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերին։
Իրանի ռազմական ղեկավարության կողմից նմանատիպ քաղաքական հայտարարություն հնչեցնելը նվազագույնը զարմանք է հարուցում։ Ավելի լավ կլիներ, եթե զինվորականները զբաղվեին իրենց խնդիրներով, իսկ քաղաքական գործիչները՝ իրենց խնդիրներով»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին, անդրադառնալով Ադրբեջանում հիջաբի (իսլամական ավանդական գլխաշոր) օգտագործման արգելքներին, հայտարարել էր, որ Իլհամ Ալիևին սև ճակատագիր է սպասում.
«Մեր հարևան և մուսուլման երկրներից մեկը, որի հետ դրական հարաբերություններ ունենք, բարեկամության սկզբունքները ոտնահարելով՝ Իսրայելի ձեռքերն իրենց երկրում ազատ է թողնում և այսօր իսլամական օրենքների կիրառման դեմ հրամանագիր է արձակում: Ես մեկ անգամ էլ էի զգուշացրել, որ Արանի (Ադրբեջանի պատմական անվանումն է – 1in.am) ժողովրդի երակներում իրանական արյուն է հոսում, ու նրանց սրտերը բաբախում են իսլամի և Ղուրանի սիրով:
Հույս ունեմ, որ Իլհամ Ալիևը լուրջ ուշադրություն կդարձնի նմանօրինակ խնդիրներին, որոնք նրա իշխանության խարիսխն են։ Եթե ոչ՝ նրան սև ու մութ ճակատագիր է սպասում, քանի որ Արանի ժողովրդի զարթոնքը կանխել հնարավոր չի լինի»։












































