Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարում է, որ Մոսկվան Անկարայի հետ քննարկելու է Ուկրաինայի ՆԱՏՕ անդամակցության հետ կապված խնդիրները: Մոսկվան այդ մասին հայտարարում է այն տեղեկությունների ֆոնին, որ Կիեւը մտադիր է անդամակցության հարցում արդյունավետությունը բարձրացնելու առումով աշխատել Անկարայի հետ: Սակայն, Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության քաղաքական համատեքստը թերեւս ավելի լայն է:
Բայդեն-Պուտին հանդիպումից հետո, որ Ժնեւում տեղի ունեցավ ՆԱՏՕ Վեհաժողովից երկու օր անց, ԱՄՆ նախագահին հարց ուղղեցին նաեւ Ուկրաինայի անդամակցության մասին: Բայդենը պատասխանեց, որ դա կախված է Ուկրաինայից, թե Կիեւը որքան արագ եւ արդյունավետ կիրականացնի բարեփոխումներ, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքար: Ուշադրության է արժանի, որ Բայդենը չհիշատակեց Ղրիմի եւ Արեւելյան շրջանների հակամարտության հարցերը, որոնք դիտվում են ՆԱՏՕ-ի անդամակցելու համար պայմաններ: Հայտնի է, որ ՆԱՏՕ անդամ դառնալ ցանկացող երկիրը չպետք է ունենա այդպիսի հակամարտություններ: Բայց, հատկանշական է, որ Բայդենը չթվարկեց դրանք, մատնանշեց կոռուպցիան, ռեֆորմները, բայց չխոսեց հակամարտությունների մասին:
Ավելին, ցույց տալով, որ անդամակցությունը կախված է Ուկրաինայից, Բայդենը թերեւս ակնարկեց, որ հակամարտութունները կարող են եւ չխանգարել այդ անդամակցությանը եւ կարող է լինել ՆԱՏՕ քաղաքական որոշում: Ի վերջո, հակամարտությունների կարգավորումը անկասկած միայն Ուկրաինայից չէ, որ կախված է, այլ նաեւ Ռուսաստանից: Բայց, Բայդենը ասում է, որ անդամակցությունը կախված է միայն Կիեւից: Եվ ահա, դրանից հետո Կիեւը հայտարարում է, որ անդամակցության հարցում արդյունավետ ընթացքի համար աշխատում է Անկարայի հետ, որն ըստ էության արդեն վաղուց վերածվել է Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ գործիքակազմի այսպես ասած «առաջամարտիկի», թեկուզ Էրդողանի սուլթանական բարդույքներով: Սակայն, այդ հանգամանքին զուգահեռ հարկ է ուշադրություն դարձնել մեկ այլ իրողություն, որն էլ ամենից շատ է արժանի մեր ուշադրությանը: Այդ իրադարձություններին զուգահեռ, Բայդենի հետ հանդիպումից հետո, եւ Պուտին-Բայդեն հանդիպման շեմին Էրդողանն այցելում է Բաքու, հետո Շուշի՝ Ալիեւի հետ ստորագրում հայտնի հռչակագիրը եւ հայտարարում Ադրբեջանում թուրքական ռազմմակայան ստեղծելու մասին, նշելով, որ այդ հարցը քննարկելու են Պուտինի հետ թե ինքը, թե Ալիեւը:
Մոսկվայի արձագանքը վկայեց, որ դա Կրեմլի համար ակնհայտ անակնկալ օրակարգ էր: Ավելին, ռուսական որոշ շրջանակներում բարձրացվեց անգամ տագնապալի հարց, որ Ադրբեջանը կարող է գնալ ՆԱՏՕ հետ սերտ ինտեգրացիայի: Առավել եւս, որ Ալիեւի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Հաջիեւը դրան զուգահեռ հայտարարել էր էներգետիկ ոլորտում ՆԱՏՕ-ի հետ սերտ աշխատանքի անհրաժեշտության մասին: Ահա այդ ֆոնին Լավրովը հայտարարում է, որ Անկարայի հետ քննարկելու են Ուկրաինայի անդամակցության հարցը, բայց չի խոսում Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հարցի մասին, որի տողատակում առնվազն նշմարվում է ՆԱՏՕ խնդիրը: Սա թույլ է տալիս խոսել այն մասին, որ Մոսկվան Կովկասի հարցում պատրաստ է Թուրքիայի հետ նոր գործարքի՝ Ուկրաինայի հարցում Թուրքիայի հավակնություններից հրաժարվելու դիմաց, քանի որ Կրեմլը ուկրաինական ուղղությունը իր համար դիտարկում է գերռազմավարական եւ այնտեղ Կարմիր գծերը ընդգծելը պատրաստ է իրականացնել Կովկասում իր կարմիր գծերի ներկի հաշվին: Սա Հայաստանի համար մանրակրկիտ ուշադրության եւ իրավիճակը այդօրինակ զարգացման դեպքում բալանսավորելու քայլերի մասին լրջորեն մտորելու առիթ է:









































