Թուրքական Haber 7-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Pew հետազոտական կենտրոնը կրոնական հանդուրժողականության վերաբերյալ հետազոտություն է իրականացրել աշխարհի 198 երկրներում։
Հետազոտության արդյունքում Թուրքիան դասվել է կրոնական տեսանկյունից անհանդուրժողական 33 երկրների թվում, որոնք պայմանականորեն ստացել են «բարձր» անվանումը։ Այդ 33 երկրներում Թուրքիան զբաղեցրել է 9-րդ տեղը։ Թուրքիայի հետ նույն խմբում են ընդգրկվել նաև Պակիստանը, Ալժիրը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը և այլն։
Կրոնական տեսանկյունից «Շատ խիստ» անհանդուրժողական երկրների շարքը գլխավորել է Իրաքը։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Թուրքիայում կրոնական ազատությունների խնդրի մասին ազդարարեցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն։ Քլինթոնն ընդգծել էր, որ Թուրքիան նոր Սահմանադրության ընդունմամբ պետք է ապահովի կրոնական ազատությունները։
Իսկ Ֆյուլեն հայտարարել էր. «Թուրքիայում մուսուլման չհանդիսացող կրոնական համայնքները բախվում են մի շարք խնդիրների, Թուրքիան պետք է երաշխավորի կրոնական ազատությունները։ Միջնակարգ դպրոցներում շարունակում են պարտադիր մնալ կրոնական մշակույթի ու էթիկայի դասերը։ Միսիոներներն ընկալվում են որպես տարածքային ամբողջականության ու մուսուլմանական կրոնին սպառնացող վտանգ։
Ալևիների ու ոչ մուսուլմանական կրոնական համայնքների հետ թուրքական կառավարության սկսած երկխոսությունը դեռևս որևէ կոնկրետ արդյունք չի տվել։ Թուրքիան՝ որպես ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկիր, պարտավոր է ապահովել իր բոլոր քաղաքացիների ազատ դավանանքը»։







































