Ֆիլիպինցի մաքսավորները ոչնչացրել են պրեմիում դասի մեքենաների խմբաքանակ, որը երկիր էր ներկրվել անօրինական ճանապարհով։ Մաքսային ծառայության յութուբյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է էքսկավատորը ոչնչացնում մեքենաները։ Նշվում է, որ մայրաքաղաք Մանիլայում և Կագայան-դե-Օրո քաղաքներում ոչնչացվել է 21 մեքենա։
Մեքենաների նկատմամբ «հաշվեհարդարի» հեղինակը Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն է։ Նախկինում ապօրինի ներկրված մեքենաները վաճառվել են աճուրդով, սակայն շուտով հայտնի է դարձել, որ դրանք գնել են հիմնականում քրեական աշխարհի ներկայացուցիչները։ Դրա հետ կապված՝ իշխանություններն արգելել են նման միջոցառումները։