Առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Փափազյան փողոցի կրպակատերերը, ինչպես նաև կրպակներից օգտվող քաղաքացիները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի առաջնորդությամբ, Մաշտոցի պողոտայից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ այդ ժամին ընթանում էր կառավարության նիստը: Երթի մասնակիցներին կառավարության մոտ սպասում էին Ազատության պողոտայի ապամոնտաժված կրպակների աշխատակիցները:
Այժմ բողոքավորները սպասում են կառավարության նիստի ավարտին, որպեսզի վարչապետին ներկայացնեն իրենց բողոքները:
Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ իրենք պահանջում են, որպեսզի ապամոնտաժումը դադարեցվի, և կրպակատերերին նոր առաջարկներ արվեն:
Հիշեցնենք, որ այժմ Փափազյան փողոցի վրա շարունակվում է կրպակների ապամոնտաժումը:











































