Եռակողմ նոր փաստաթղթի առնչությամբ դեռևս քննարկումներ չեն սկսվել։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` հավելելով, որ այդ փաստաթղթի մասին իրենք խոսել են դեռ երեկ։
«Մինչև այս փաստաթղթի մասին քննարկումներ սկսելը շատ կարևոր է, որպեսզի Ադրբեջանի ԶՈւ–ն լքի ՀՀ տարածքը։ Սա է պատճառը, որ ավելի կոնկրետ հաղորդակցություն հանրության հետ չի լինում։ Մենք ասել ենք, որ եթե խաղաղ ճանապարհով չկարողանանք լուծել այս խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով`Ադրբեջանի ԶՈւ-ի՝ ՀՀ տարածքը լքելու հարցով աշխատանքներ են տարվել միջազգային կառույցների հետ և տարվում են։ Գրիգորյանը նշեց` հանրությունը տեղյակ է, թե ինչ գործընթաց է գնում։ Ավելին, Գրիգորյանը վստահեցնում է, որ հնարավորինս հրապարակային են աշխատելու, և գործող իշխանության հաջողության մի մասն էլ հրապարակային աշխատանքի արդյունք է։










































