Հայաստանի իշխանությունը վերջին շրջանում հաճախ է հայտարարում, թե Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում տարածքների հարց չի քննարկվում, այլ քննարկվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը:Թերևս ժամանակն է արձանագրել, որ սա ոչ այլ ինչ է, քան հերթական բլեֆը, որն անտրամաբանական խայծի տեսքով փորձ է արվում ներկայացնել հասարակությանն ու հերոսանալ նրա աչքին: Ի՞նչն է խնդիրը: Մի կողմ թողնենք այն, որ տարածքների հարց չի քննարկվում, որովհետև այդ հարցն արդեն քննարկվել վերջացել է, և այստեղ արդեն որևէ խնդիր չկա:
Պարզապես փորձենք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում կարգավիճակի հարցի քննարկում: Ի՞նչ կամ ո՞ւմ կարգավիճակի մասին է խոսքը: Բնականաբար` Լեռնային Ղարաբաղի: Իսկ ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղ: Այսինքն` բանակցողները, ենթադրենք` Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կամ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ի՞նչ են հասկանում Ղարաբաղի կարգավիճակ ասելով: Չէ՞ որ կարգավիճակը բարոյական կատեգորիա չէ, այլ խիստ կոնկրետ հասկացություն, որը ենթադրում է կոնկրետ սուբյեկտ` իր կոնկրետ ծավալներով:
Ընդ որում` այդ ծավալները շատ կարևոր են կարգավիճակի որոշման մեխանիզմների ընտրության հարցում: Բանն այն է, որ բոլորովին այլ է մի քաղաքի կարգավիճակի ընտրության մեխանիզմը, և այլ է մի գավառի կամ պետության կարգավիճակի որոշման մեխանիզմը: Հետևաբար պետք է պարզել, թե Ղարաբաղը քաղա՞ք է, գավա՞ռ է, թե՞ պետություն: Ի վերջո, ովքե՞ր են քվեարկելու կարգավիճակի համար` քաղաքի՞ բնակիչները, թե՞ պետության քաղաքացիները: Եվ, դրանից բացի, չէ՞ որ պետք է որոշվի, թե ո՞րն է Ղարաբաղի սահմանը, որպեսզի պարզվի, թե մինչև ո՞ր սահմանում գտնվող բնակիչներն են քվեարկելու իրենց բնակավայրի կարգավիճակի համար:
Հետևաբար, տարածքների հարցը կարգավիճակի հարցի հետ ուղղակի շաղկապված իրողություն է, անքակտելի իրողություն, առանց որի կարգավիճակի հարցը տրամաբանորեն չի կարող քննարկվել: Հետևաբար, Հայաստանի իշխանության հայտարարությունը, թե քննարկում են ոչ թե տարածքի, այլ կարգավիճակի հարցը` իրականության մեջ պարզունակ մի խաբկանք է, որ փորձ է արվում մատուցել հասարակությանը, ապավինելով այն բանին, որ հասարակությունը չի էլ փորձի տրամաբանել ու հասկանալ այդ խոսքի տակ եղածը: Իրականում հասարակությունը գուցե չի էլ փորձի, քանի որ այս ժամանակահատվածում շատ լավ է հասկացել, որ իշխանության խոսքերի իմաստը հասկանալը անշնորհակալ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ առողջության համար վտանգավոր բան է: Բայց այդ ամենով հանդերձ, հասարակությունը նաև լավ է հասկացել, որ այդ առաջին հայացքից անիմաստ խոսքերի հետևում, որպես կանոն, թաքնված է լինում դաժան իրականությունը:









































