«Էսթետիկ վիրաբուժությունը միայն այն չէ, որ մեծ քիթը փոքրացնեն, փոքրը՝ մեծացնեն: Վնասվածքներից հետո նշանակություն չունի՝ կի՞նն է ստացել վնասվածք, թե՞ տղամարդը: Հարաբերական առումով կանայք ավելի շատ են դիմում էսթետիկ վիրաբուժությանը, քանի որ ավելի շատ են վերացնում ի ծնե դեֆորմացիաները»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Կոսմետոլոգիայի ու պլաստիկ վիրաբուժության կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Հրաչ Կոստանյանը՝ ընդգծելով, որ պլաստիկ վիրաբուժության պետք է դիմել 17 տարեկանից հետո:
Նրա խոսքով՝ հայ կանայք մինչև 50 տարեկանը դիմում են պլաստիկ վիրահատության օգնությանը, անգամ լինում են դեպքեր, երբ 60-ն անց կանայք են դիմում պլաստիկ վիրաբույժի օգնությանը՝ նայած, թե ինչ խնդիր են ունենում:
«Հիմնականում մեծ տոկոս են կազմում 17-25 տարեկան աղջիկներն ու կանայք: Եթե անհրաժեշտ է, ապա նրանք կատարում են նաև քթի, ականջախեցու, շրթունքների, վերին կոպերի դեֆորմացիաների շտկում, 45-ից բարձր տարիքով կանայք կատարում են մաշկի լիֆթինգ՝ վերականգնում մաշկի օվալը»,- ասաց վիրաբույժը:
Ինչ վերաբերում է որովայնի լիպոսակցիային, ապա մասնագետը նշեց, որ տեղյակ է, թե ինչ է կատարվում այդ ոլորտում հայկական վիրաբուժության մեջ: «Է՛ստի համեցեք» են անում, մրցույթներ են անում, «հայկական քիթ», չգիտեմ ինչ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերջիններս բազարային վիրաբույժներ են:
«Պլաստիկ վիրաբուժությունն ունի իր ցուցումներն ու հակացուցումները: Եթե կա ցուցում, ուրեմն պետք է վիրահատվի, եթե ոչ՝ ի՞նչ է նշանակում ընկնել մոդայի հետևից»,- ասաց Հ. Կոստանյանը՝ նշելով, որ շատ հաճախ բժիշկներն ընկնում են փողի հետևից ու վիրահատություններ կատարում: Նրա խոսքով՝ հաճախ աղջիկներն ամսագրերը ձեռքին գալիս ու ասում են, թե այս քիթն եմ ուզում՝ առանց հաշվի առնելու իրենց դեմքի կառուցվածքը:
«Նրանց թվում է՝ իրենց ամբողջ դժբախտությունն իրենց քթի մեջ է: Նայում են ոչ թե իրենց դեմքին, կառուցվածքին, այլ կենտրոնանում են միայն քթի վրա»,- ասաց պարոն Կոստանյանը՝ ընդգծելով, որ իրեն հարգող վիրաբույժը չպետք է վիրահատի, այլ պետք է մերժի նրանց, քանի որ վերջիններս, միևնույն է, դժգոհ են մնալու իրենց արտաքինից:








































