«Լուսավոր Հայաստանի» բանավեճը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ չէ, այլ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին այսօր ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը` շեշտելով, որ նախկին երկու նախագահներին համարում է նույն դաշտի սեգմենտ։
«Իմ բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, որ` եղբա՛յր, հեղափոխությունը եղավ, քեզ բոլորս աջակցեցինք, ողջունեցինք, ասացինք` շնորհակալ ենք, բայց կառավարման մեջ դու տապալեցիր»,– ասաց Մարուքյանը։
Խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարը հատկապես դժգոհ է Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունից, ու Փաշինյանի հիմնական ձախողման հիմքը հենց այդտեղ է տեսնում։ Որպես օրինակ Մարուքյանը հիշեցրեց Փաշինյանի նշանակած երկու կադրերին` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ու ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանին։










































