Եգիպտոսում կորոնավիրուսի տարածման պատճառով իշխանությունները կրկին վերականգնել են կոշտ լոքդաունը: Կարանտին է հայտարարվել մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա վերջին օրերին, հաղորդում է Корреспондент պարբերականը։
Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին հատուկ հեռուստաուղերձում հայտարարել է, որ լոքդաունը մտցվում է այսօր՝ մայիսի 6-ից, երկու շաբաթով։ Այդ ժամանակահատվածում չեն աշխատի առևտրի կենտրոնները, խանութները, ռեստորանները։ Արգելվում են զանգվածային հավաքները և համերգները։ Մայիսի 12-16-ը փակ կլինեն լողափերը և զբոսայգիները։
«Կառավարությունը խորապես մտահոգված է, որ քաղաքացիները լիովին չեն պահպանում իրենց և շրջապատի առողջության հետ կապված նախազգուշական միջոցները», – ասել է վարչապետը։
Մադբուլին հիշեցրել է, որ անհրաժեշտ է կրել դիմակներ և հավելել է, որ դիմակ չկրելու համար իշխանություններն արդեն տուգանել են 1,7 միլիոն մարդու 50 եգիպտական ֆունտով (3 դոլար):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան էր հայտարարել խիստ լոքդաունի մասին: Իսկ Լեհաստանը պարտադիր կարանտին է մտցրել երեք երկրներից՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Հնդկաստանից և Բրազիլիայից ժամանող քաղաքացիների համար, նույնիսկ եթե նրանք ունեն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։







































