Ռուսաստանի իշխանությունները մեծացնում են իրենց ներկայությունն Ազովի ծովում՝ այն վերահսկողության տակ առնելու համար։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան CNN– ին տված հարցազրույցում:
«Ռուսաստանը կարող է իրականացնել Ազովի սողացող բռնակցում: Ռուսաստանն անընդհատ ուժեղացնում է իր ռազմական ներկայությունն այնտեղ և ոչնչացնում առևտրի ուղիները», – ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:
Կուլեբան Ռուսաստանի զորավարժություններն անվանել է Ուկրաինայի դեմ հնարավոր գործողությունների մշակում:
«Նրանք պնդում են, որ պարզապես զորավարժություններ են անցկացնում: Բայց եթե նույնիսկ դրանք զորավարժություններ են, նրանք մշակում են Ուկրաինայի շրջապատում, Ուկրաինայի դեմ հարձակողական գործողություն», – նշել է Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Պարբերականը հիշեցնում է, որ ապրիլին Ռուսաստանի Դաշնությունը փակել է Կերչի նեղուցն Ուկրաինայի և երրորդ երկրների ռազմական և պետական նավերի համար: Կրեմլի այդ որոշումը մտահոգել է Եվրամիությանը, իսկ ՆԱՏՕ-ն իր հերթին Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ազովում իրավիճակի սրումը:










































