Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր ԱԺ փակ նիստում լսեցինք ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ղեկավարի համառոտ զեկույցը։ Այս քննարկումները կարևոր են հայկական բանակի արդիականացման շուրջ վերջին շրջանում առավել ակտիվացած քննարկումների համատեքստում։
Հայկական բանակի ապագայի վերաբերյալ քննարկումները չեն կարող հաշվի չառնել, կամ թերևս պարտավոր են հաշվի առնել մի հանգամանք: Եթե նախորդ մոտ երեք տասնամյակում կամ ավելի քան քառորդդարյա շրջանում մենք բանակ էինք կառուցում ու պահում այն հաշվարկով կամ պատկերացումների այն հենքով, որ այդ բանակը պետք է պահի ռեգիոնալ անվտանգության սպառնալիք ադրբեջանական պետության զինուժին, ապա Արցախի դեմ 44-օրյա պատերազմը մեզ ի ցույց դրեց, որ մեր բանակի խնդիրը ադրբեջանական զինուժ զսպելը չէ, այլ Թուրքիան:
Այլևս ակնառու է, որ ռեգիոնալ անվտանգության սպառնալիքը, հայկական պետականության անվտանգային գլխավոր ռիսկի աղբյուրը Ադրբեջանը չէ, այլ Թուրքիան: Հետևաբար, մենք այլևս պետք է բանակ կառուցենք, բանակի բարեփոխում իրականացնենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ դիմակայության ռեժիմում:
Այսինքն՝ մեր բանակը կամ ի վիճակի է լինում դիմակայել գլխավոր սպառնալիքին՝ Թուրքիային, կամ, եթե մենք չենք կարողանում ապահովել այդպիսի բանակ, ապա կնշանակի, որ մեր բանակը, այսպես ասած, չեղածի հաշիվ է, այլ կերպ ասած՝ թուրքական «թնդանոթի միս»: Սա է իրավիճակը, և լուծումները պետք է լինեն, կամ կարող են լինել միայն այդ իրավիճակից ելնելով, միայն այդ հենքից կարող է բխել հայկական բանակի ապագայի կառուցման արդյունավետությունը:







































