Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին նա ֆեյսբուքյան գրառում է արել։
«Այսօր Գավառի պոլիկլինիկայում պատպատվաստվել եմ կորոնավիրուսային համավարակի դեմ:
Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում պատվաստումների գործընթացը շարունակական բնույթ է կրում և ուրախությամբ կարող եմ ասել, որ օր օրի ակտիվություն է գրանցվում պատվաստվողների շրջանում:
Ուզում եմ հիշեցնել, որ, համավարակի տարածման հետ զուգահեռ բոլորս երազում էինք, որ բուժաշխատողները, համապատասխան մասնագետները, գիտնականները կհայտնաբերեն դրա հակավիրուսը և մենք այդ չարիքից կփորձենք ձերբազատվել: Կարծում եմ հիմա վերջապես կարող ենք արձանագրել, որ կան համապատասխան դեղամիջոցներ և Հայաստանում նաև կա լայն հնարավորություն պատվաստվելու: Այնպես որ մեր ազգաբնակչությանը ինքս իմ օրինակով խորհուրդ կտամ պատվաստվել և խուսափել լրացուցիչ բարդություններից։
Պատվաստումներն իրականացվում են անվճար, կամավորության սկզբունքով:
Կարելի է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից»,- տեղեկացրել է Սանոսյանը:








































