Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը Երևանում հանդիպել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատների հետ: Այդ հանդիպումը, որը բավականին նշանակալի քաղաքական ազդակ է, տեղի է ունեցել նրա Երևան կատարած այցի ընթացքում, ինչն էլ իր հերթին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով՝ Ֆրանսիայի պատվիրակության այցի շրջանակում: Այդ այցը եղել է բավականին բարձր մակարդակով, պետության երկրորդ դեմքի՝ Սենատի նախագահի գլխավորությամբ: Ֆրանսիայի այդ քայլերը անկասկած բխում են տասնամյակ ի վեր Փարիզի քաղաքականության տրամաբանությունից, որում առանձնահատուկ տեղ է ունեցել ոչ միայն բարեկամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, այլ նաև հայկական հարցի՝ Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացում ըստ էության ոչ ֆորմալ դրոշակակրի առաքելությունը: Դրանից զատ, սակայն, Ֆրանսիայի այս օրերի ուղերձները անկասկած իրենց վրա կրում են Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ուղերձի ազդեցությունը, որով ԱՄՆ-ն կատարեց պատմական քայլ և գործադիր իշխանության մակարդակով ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Այդ համատեքստում հատուկ ուշադրության է արժանի ինչ որ առումով աննախադեպ մի բան:
Բայդենին շնորհակալություն է հայտնում ոչ միայն հայկական պետության ղեկավարությունն ու հայերը, այլ նաև մեկ այլ պետության՝ Ֆրանսիայի ղեկավարը: Նախագահ Մակրոնը շնորհակալություն է հայտնում Բայդենին, ինչն իսկապես մեծ ուշադրության արժանի հանգամանք է: Դրանով իհարկե Ֆրանսիան մի կողմից դրսևորում է իր առաքելությունը՝ հայկական հարցի ոչ ֆորմալ «դրոշակակրին» բնորոշ վարքագիծ, մյուս կողմից սակայն փաստացի ընդունում, որ Սպիտակ տան ճանաչումից հետո այդ առաքելությունը կամ քաղաքական առաջնորդությունը օբյեկտիվորեն անցնում է Վաշինգտոնին, ինչին Փարիզը ոչ միայն չի ընդդիմանում, այլ նույնիսկ ողջունում է: Սա իհարկե Ֆրանսիայի քաղաքականության մեջ մարդասիրական և արժեքային բաղադրիչների հիմնարար ներկայության արտահայտում լինելուց զատ, անշուշտ պայմանավորված է նաև քաղաքական հանգամանքներով ու խնդիրներով, որ Փարիզն ունի միջազգային քաղաքականության ներկայիս փուլում: Դրանց մի շոշափելի մասի լուծումը Ֆրանսիան տեսնում է թերևս Վաշինգտոնի հետ ալյանսի վերականգնումով և սերտ գործակցությամբ թե եվրոպական, թե միջազգային քաղաքականության մեջ դիրքերի վերականգնումով: Փարիզի համար Վաշինգտոնը թերևս առանցքային նշանակություն ունի եվրոպական ուղղությամբ թուրքական հավակնությունները զսպելու հարցում, հատկապես այն պարագայում, երբ բավականին նշմարելի է այդ հավակնությունների հանդեպ ԵՄ առանցքային խաղացողի՝ Բեռլինի «լոյալությունը»: Այդ համատեքստում Ֆրանսիան ոչ միայն բարձր՝ պետության երկրորդ դեմքի մակարդակով մասնակցում է Ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին, այլ նաև Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Երևանում հանդիպում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատների հետ:
Ճնշումը ռեգիոնալ ռուս-թուրքական ձևաչափի վրա կարող է ուժեղանալ: Ըստ էության, Փարիզը Բայդենին ուղղած Մակրոնի շնորհակալությամբ թերևս հանձնում է «հայկական հարցի» դրոշակակրի առաքելությունը Վաշինգտոնին, փոխարենը ստանձնում թերևս շատ կոնկրետ գործառույթ Կովկասի, մասնավորապես արցախյան հարցի ուղղությամբ: Որքանով է շոշափելի և հիմնավոր այդ տրանսֆորմացիայի առնչությամբ տպավորությունը, իհարկե պարզ կլինի ժամանակի ընթացքում, քանի որ իրողությունները անշուշտ փոխվում են շատ ավելի արագ: Բայց, թերևս այդ ամենով է նաև պայմանավորված Վաշինգտոնի ճանաչման առնչությամբ Ռուսաստանից հնչող տարաբնույթ դժգոհությունը: Բանն այն է, որ ԱՄՆ ճանաչումը, որքան էլ չհնչի տարօրինակ, ամրացնելու է Թուրքիայի դիրքը ՌԴ հանդեպ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանին չեն թողնում «ձեռնունայն»՝ առաջարկում են վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ: Պարզապես ռուսների համար հոգեբանորեն բարդ է կատարել այդ ընտրությունը, թեև քաղաքական առումով իրենք էլ թերևս պատկերացնում են դա չանելու բարդությունները: Այդ միտումները Հայաստանի օգտին են, առնվազն հարաբերականորեն: Երևանից պահանջվում է չխանգարել դրանց: Աշխույժ ընդառաջ գնալ պետք չէ, կարևորը՝ չխանգարել, չգնալ դրանց դեմ և շարունակելով աշխատանքը ռուսների հետ, հանգիստ աշխատել նաև ԱՄՆ-Ֆրանսիա ուղղությամբ: Այդ իմաստով ուշադրության է արժանի Հայաստան Կիպրոսի պաշտպանության և Լիտվայի արտգործնախարարի այցերն ու հանդիպումները:










































