Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Վիտո Կոմենչինին հպարտ է, որ այն խորհրդարանականներից մեկն է, որը կողմ է քվեարկել միջնորդությանը, որով խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Կոմենչինին ասել է «Արմենպրես»-ին փոխանցած իր տեսաուղերձում:
«Ապրիլի 24-ը կարևոր ամսաթիվ է, որը հիշատակում է ահասարսուռ ցեղասպանությունը, որի միջոցով անցել է հայ ժողովուրդը։ Որպես Իտալիայի Հանրապետության խորհրդարանական ես իմ ջերմ վերաբերմունքն եմ արտահայտում բոլոր իմ հայ ընկերներին և ես հպարտ եմ նշել, որ այն խորհրդարանականներից մեկն եմ, ովքեր կողմ են քվեարկել միջնորդությանը, որով խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»- նշել է Կոմենչինին:
Պատգամավորը հավելել է, որ շարունակելու են պայքարը հանուն ճշմարտության, հանուն արդարության՝ հիշելով այն, ինչ տեղի է ունեցել, զեկուցելով դրա մասին, շարունակելով պահանջել Թուրքիային՝ ճանաչել այն և ներողություն խնդրել հայ ժողովրդի հանդեպ կատարած հանցագործությունների համար։
«Այս կարևոր օրը ես իմ բարեկամությունն եմ հայտնում հայ ժողովրդին։ Ջերմագին ողջույններս իմ քաղաքից՝ Վերոնայից»,- եզրափակել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամը:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են աշխարհի մոտ 30 պետություն: Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։









































