Սյունիքի դեպքերի պատճառով երեկ մեծ աղմուկով բերման ենթարկվածները հերթով ազատ են արձակվում։ Դատարանը ոչ իրավաչափ է համարում նրանց ձերբակալման որոշումները և հրաժարվում կալանավորել նրանց։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, օրինակ, Դավիթ Բալայանի նախագահությամբ որոշել է ոչ իրավաչափ ճանաչել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու որոշումը։ Նա ձերբակալվել էր երեկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել նաև գնդապետ Արայիկ Թումանյանի ձերբակալությունը։
Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, քննել և բավարարել էր Սյունիքի մարզի բնակիչ Նորայր Առուշանյանի ձերբակալման դեմ նրա պաշտպան Հրանտ Վարդանյանի բողոքը։ Առուշանյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ և վարույթն իրականացնող մարմինին պարտավորեցրել նրան ազատ արձակել։
Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն արդեն տանն է։
Իրավաբան Արտաշես Խալաթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս զարգացումներին, նկատեց, որ այսօր դատական համակարգը փաստացի պետականությունը խարխլող խմբավորման հետ գտնվում է սինխրոնացված կապի մեջ։
Նրա խոսքով՝ այս կապն ավելի հստակեցվեց և խորացավ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով փաստացի սահմանադրական կարգի տապալման համար այսօր հնարավոր չէ որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկել. «Բնականաբար այդ որոշման շղթայական ռեակցիան պետք է լիներ անպատժելիության տարածումը երկրով մեկ։ Եվ փաստորեն պետական ինստիտուտները հանցավոր ոտնձգությունից մնում են անպաշտպան։ ՍԴ որոշումը որոշակիորեն քաջալերեց այն անբարեխիղճ դատավորներին, որոնք պատրաստ են քաղաքական նպատակահարմարությունից, նախկինում կատարված հանցագործությունների, իրենց դեմ կոմպրոմատների ծանրությունից ելնելով կայացնեն դատական ակտեր պետականության, ժողովրդավարության դեմ»,-ասաց Խալաթյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ ԲԴԽ-ն ստեղծված իրավիճակում պետք է համապատասխան հետևություններ անի և առնվազն ոչ քաղաքական բնույթի հայտարարության մակարդակով կոչ անի դատավորներին շատ լուրջ մոտենալ կալանքի սանկցիաների բավարարման կամ չբավարարման հարցին։ Բացի դա ԲԴԽ-ն պետք է համագործակցի արդարադատության նախարարի ու էթիկայի ու կարգապահական հանձնաժողովի հետ, որպեսզի վերջիններս խոշորացույցի տակ պահեն այն դատավորներին, որոնք որ այսօր կայացնում են ակնհայտ վիճահարույց որոշումներ։ «Դատավորները հստակ պետք է հիմնավորեն, թե ինչու և ինչ հիմքերով են կայացրել խուլիգանական դրսևորման հեղինակներին ազատության մեջ թողնելու որոշումը։
Իրավապահ մարմինները, դատախազությունը անում են ամեն ինչ այդ անձանց քրեական հետապնդման ենթարկելու համար, բայց խնդիրը դատական համակարգի մեջ է։ Երբ հարցը հասնում է դատարաններին՝ կայացվում են ակնհայտ քաղաքական մոտիվներով որոշումներ։ Այսօր ՀՀ դատական համակարգում կան մոտ 40-50 դատավորներ, որոնք հստակ հակապետական որոշումներ են կայացնում։ Եվ այդ հարցը պետք է դառնա նախընտրական շրջանում բոլոր մտահոգ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկը, իրականացնել դատական համակարգի արմատական զտում, վեթինգ։ Դատական համակարգից պետք է դուրս դնել այն դատավորներին, որոնք իրենց բարոյական, մարդկային ու պրոֆեսիոնալ հատկանիշներով չեն համապատասխանում դատավորի չափանիշներին»,-ասաց Խալաթյանը։
Ստեղծված իրավիճակում, երբ դատական համակարգը փաստացի չի աշխատում, Խալաթյանի խոսքով, վտանգ կա, որ մարդիկ չհավատալով իրավական համակարգին, դատարաններին պարզապես կսկսեն գնալ ինքնադատաստանի, իրենց ձևերով սկսեն հաշիվներ մաքրել. «Սյունիքի դեպքերի ժամանակ, երբ մարդիկ անցան բոլոր բարոյական կարմիր գծերը, ես ճիշտն ասաց չեմ շտապի դատապարտել այն անձանց, ովքեր իրենց սրբություննրը պաշտպանելու համար փորձեն այլ ձևերով հարցերը լուծել։ Բայց դա քաղաքացիական պատերազմի տանող ուղիղ ճանապարհ է։ Եթե քաղաքական իշխանությունը չսթափվի և դուրս չգա այդ կեղծ, պատրանքային կարծրատիպերից, այդ վտանգն ավելի ռեալ կդառնա․«Մենք ուղղակի արյունալի հաշվեհարդարների մի շրջափուլի մեջ կարող ենք ընկնել, եթե այդ դատավորները չհասցնեն թաքնվել ժողովրդի ցասումից»,-եզրափակեց Խալաթյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպով Սյունիքի մարզից ձերբակալվել էր 23 քաղաքացի։
Այդ օրը առավոտից մոտ 40-50 տղամարդիկ հայհոյանքներով խոչընդոտում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաք՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դավաճան» գոռալով։ Անգամ բախումներ հրահրվեցին, ու մասնակիցներից մեկը բարձրացավ վարչապետին ուղեկցող անվտանգության ծառայության ավտոմեքենայի վրա։ Խումբը հայհոյանքներով և գոռգոռոցներով կրնկակոխ հետևում էր վարչապետին ու փորձում փակել նրա ճանապարհը, խոչընդոտել բնակիչների հետ վարչապետի հանդիպումը։
Ապրիլի 21-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի («Խուլիգանություն») 1-ին, 3-րդ և 316-րդ հոդվածի («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») 1-ին մասի հատկանիշներով։
Լուսանկարը՝ panorama.am-ի










































