«Հարևանների միջև ուշ թե շուտ պարտադիր պետք է հարաբերությունները վերականգնվեն, հարևանների միջև հավերժ թշնամություն չի լինում: Կարծում եմ՝ տասը տարուց հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև կլինեն այլ հարաբերություններ, ոչ այնպիսին, ինչպես այսօր է, և ամեն ինչ նորից սկսելու համար երկու երկրներում էլ պետք է իշխանությունը փոխվի»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, գնահատելով 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո անցած երեք տարիները և ռուս-վրացական հարաբերությունների ապագան, կարծիք հայտնեց վրաց վերլուծաբան Պաատա Զաքարեաշվիլին:
Նրա գնահատմամբ, սակայն, այսօրվա դրությամբ ռուս-վրացական հարաբերություններն ամենավատն են, և դրանում իրենց մեղքն ունեն թե՛ վրացական, թե՛ ռուսական իշխանությունները. «Երկու կողմն էլ իրենց վատ են պահում, և իրավիճակը տանում են էսկալացիայի: 2008 թ-ից ոչինիչ չի փոխվել դրական ուղղությամբ, ավելին փոխադարձ վիրավորանքներն ու մեղադրանքները շարունակում են հնչել, կողմերն իրենց խլի նման են պահում, չեն ցանկանում միմյանց լսել, միայն անընդհատ հայտարարություններ են անում»:
Զաքարեաշվիլին նկատեց, որ այս տարիների ընթացքում ռուս-վրացական համագործակցության ընդամենը երկու դեպք է եղել, որ հաջողությամբ է պսակվել: Դրանք են՝ Լարսի անցակետի բացման վերաբերյալ բանակցությունները, ինչն, ըստ վերլուծաբանի, արվել է հանուն Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների: Երկրորդը՝ ընթանում են բանակցություններ, որպեսզի Ռուսաստանը դառնա Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ:
Հիշեցնենք, որ օրերս ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Վրաստանը թույլ տա Ռուսաստանին դառնալ ԱՀԿ-ի անդամ, ապա ռուս-վրացական հարաբերությունները կբարելավվեն: Պաատա Զաքարեաշվիլիի գնահատմամբ, իրավամբ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը կախված է ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Վրաստանից: Նրա խոսքերով՝ ՎրաստանÝ անընդհատ սադրանքներ է անում՝ ճանաչելով չերքեզների ցեղասպանությունը, միջամտելով Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում վարած քաղաքականությանը: Վերլուծաբանի կարծիքով, Վրաստանը թույլ կտա Ռուսաստանի անդամակցել ԱՀԿ-ին, քանզի միջազգային հանրությունն է դա ուզում: Այդուամենայնիվ, Զաքարեաշվիլին նշեց, որ համաձայն չէ Մեդվեդևի այն հայտարարության հետ, թե պետք է վերականգնվեն ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները. «Դա չէ գլխավորը, քանի դեռ Վրաստանի տարածքում՝ Սուխումիում և Ցխինվալիում գտնվում են ռուսական դեսպանատներ, ապա Վրաստանը չպետք է շտապի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վրաստանը պետք է կարգախոս ունենա՝ ամեն ինչ, բացի դիվանագիտական հարաբերություններից»:
Իր այդ դիրքորոշումը Զաքարեաշվիլին բացատրեց նրանով, որ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, իսկ նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով՝ Վրաստանը ևս կճանաչի դա:










































