Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի նախկին թեկնածու Դավիթ Ղազարյանն արդեն ռեկտորի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հայց է ներկայացրել դատարան:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարվեց, թե 17 կողմ, 5 դեմ ձայնով ռեկտոր է ընտրվել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը, իսկ արձանագրությունը ստորագրվել է հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմից: Ընտրությունից հետո, սակայն, պարզ դարձավ, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել է ոչ թե 3, այլ ընդամենը 2 անդամ: Դա է թերևս պատճառը, որ ռեկտորի նշանակումը մինչ օրս չի կատարվել, իսկ ԿԳՄՍՆ-ն ստուգում է փաստաթղթերը:
Այս առնչությամբ Դավիթ Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ հույս ունի, որ դրական արդյունք կլինի դատարանից: «Իհարկե, այսօրվա դատական համակարգի նկատմամբ վստահության հետ կապված հարցեր ամեն դեպքում ունենք, բայց ընդհանուր առմամբ այնպես չի, որ հույսեր չունենք: Ի վերջո, կա նաև վերաքննիչ դատարան: Իհարկե, ես հույս ունեմ, որ դատական համակարգի միջոցով արդյունքի կհասնենք, բայց մյուս կողմից՝ իրենք պետք է իմանան, որ իրենց ցանկացած քայլ վիճարկվելու է, եթե անօրինականություններ են տեղի ունենում: Սա հիմնական մեսիջն է»:
Նա ընդգծեց, որ հայցով պահանջել է չեղյալ համարել ռեկտորի ընտրությունները. «Հիմնավորումն այն է, որ դրա ընթացքում ընթացակարգային բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել: Դրանցից գլխավորը ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված արձանագրությունն է, որ հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից ընդամենը երկուսն են ստորագրել, և դա հիմք են ընդունել, Հոգաբարձուների խորհուրդն էլ դա հաստատել է: Որովհետև իրենց ասվել է, որ ստորագրողները երեքն են, հետո պարզվել է, որ երկուսն են ստորագրել: Այսինքն՝ այդ ամենը հարմարեցված տարվել է, որ իրենց ուզած արդյունքը լինի»:
Դավիթ Ղազարյանի խոսքով՝ այստեղ կարևոր է, թե ինչ պատասխան է տալու ԿԳՄՍ նախարարությունը: «Մենք դրան էինք սպասում, բայց կարծես դա էլ է ձգձգվում: Որոշեցինք դրան չսպասել: Եթե նախարարությունը չեղյալ համարի որոշումը, դրանից հետո դատարանը պարզապես այդ հարցը կդիտի որպես առարկայազուրկ, քանի որ պահանջն այն է, որ չեղյալ համարվի Հոգաբարձուների խորհրդի որոշումը, իսկ եթե նախարարությունն արդեն չեղյալ է համարում, ապա դատարանը գործը կարճելու է: Ամեն դեպքում որոշեցինք գնալ դատարան, քանի որ չգիտենք, թե նախարարության պատասխանն ինչպիսին կլինի»,- ասաց նա:
Դավիթ Ղազարյանը նշեց, որ եթե լինեն նոր ընտրություններ, ինքն անպայման կմասնակցի: «Ես հույս ունեմ, որ նոր ընտրությունները պետք է լինեն նոր Հոգաբարձուների խորհրդի կազմով, որովհետև «Կրթության և գիտության մասին» օրենքն արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից: Այն դեռ չի ստորագրվել նախագահի կողմից, և ես հույս ունեմ, որ երբ ստորագրվի, նախարարությունը կստիպի, որ նոր ընտրությունները անցկացվեն Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով, որտեղ քանակները, համամասնությունները փոխվում են: Մենք էլ կփորձենք մեր ուշադրությունը պահել նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության վրա, ինչը ամռանը բաց էինք թողել: Հույս ունենք, որ Պոլիտեխնիկի ազատ կամքը արտահայտող մարդիկ կլինեն, ոչ թե կլինեն մարդիկ, որոնք կխոստանան, որ կընտրեն այսինչ մարդուն, և այդ խոստման համար կհայտնվեն խորհրդի կազմում: Եթե ես վստահ լինեմ, որ ընտրություն կատարող մարդիկ իրապես ընտրություն են կատարում և արտահայտում են Պոլիտեխնիկի կամքը, ես որևէ խնդիր չունեմ»,- ընդգծեց նա:
Հարցին, թե արդյոք այս ընտրություններում նաև քաղաքակա՞ն ենթատեքստ կա, Դավիթ Ղազարյանը դրական պատասխան տվեց. «Ենթադրում եմ, որ կա»:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի տեղեկությունների, Գոռ Վարդանյանը բուհի ղեկավար կազմի կողմից նախընտրելի թեկնածուն էր, և ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նա նաև Արմեն Աշոտյանի սանիկն է:
Նշենք, որ այս պահին ռեկտորի պարտականությունները կատարում է Ռուբեն Աղգաշյանը:










































