Չեխիայի առաջին փոխվարչապետ և ՆԳՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Համաչեկը հայտարարել է, որ Պրահան կողջունի Եվրամիության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ՌԴ հատուկ ծառայությունների սպաների արտաքսումը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, մասնակից երկրները սատարել են Պրահայի՝ 18 ռուսաստանցի դիվանագետների վտարելու որոշմանը:
«Մենք կողջունենք, եթե նրանք (նույնպես) ՌԴ հատուկ ծառայությունների սպաների արտաքսման որոշում ընդունեն: Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցների արձագանքն ավելի ուժեղ կլինի»,- ասել է Համաչեկը:
Ապրիլի 17-ին Չեխիայի իշխանությունները հայտարարեցին 18 ռուսաստանցի դիվանագետների վտարելու իրենց որոշման մասին: Եվրոպական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, վտարված դիվանագետները ռուսական հետախուզության աշխատակիցներ էին և աշխատում էին քողարկված:
Մոսկվայի պատասխան քայլը ՌԴ մայրաքաղաքում Չեխիայի դեսպանության 20 աշխատակիցների «պերսոնա նոն գրատա» հայտարարելն էր:








































