EurasiaNet-ի կայքում հրապարակվել է Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ջոշուա Կուչերայի «Ղարաբաղն ու Ադրբեջանն ավելի լավ են պաշտպանված օդային հարձակումից, քան՝ Հայաստանը» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Նախկին խորհրդային երկրների զինված ուժերն աշխարհի ամենագաղտնիացվածներից մեկն են։ Սակայն նոր տեղեկատվական դարը մեզ հնարավորություն է ընձեռում փոքր ինչ նայել վարագույրից այն կողմ։ Ուսումնասիրելով Google Earth-ում տեղ գտած հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հակամարգի օբյեկտների արբանյակային նկարահանումները՝ IMINT & Analysis-ի փորձագետները փորձում են որոշակի եզրահանգման գալ։
Իրենց վերջին թողարկման (որը քչերին է հասանելի) մեջ նրանք հետազոտել են ադրբեջանական ՀՕՊ-ի համակարգը, տարբեր պաշտպանական օբյեկտներ և հանգել հետևյալ եզրակացության. «Լեռնային Ղարաբաղի սահմանի երկանյքով ձգվող այդ լավ կազմակերպված ՀՕՊ-ի համակարգը Հայաստանին զրկում է Ադրբեջանի տարածքում ամեն տիպի մարտական թռիչքներ իրականացնելու հնարավորությունից։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կարող են լրացնել ՀՕՊ-ում եղած բացերը, եթե Հայաստանը որոշի հարձակում գործի նրա տարածքի վրա։ Ներկայիս դրությամբ Հայաստանի փոքրաթիվ ռազմաօդային ուժերը իրական վտանգ չեն ներկայացնում ադրբեջանական տարածքին հարվածելու համար՝ բացառությամբ Р-17 հրթիռներից, որոնք կարող են գործածվել Բաքվի նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։
Բաքվի համար գլխավոր վտանգը Հայաստանի զինված ուժերի սպառազինության տակ առկա Р-17 հրթիռներն են (փոքր հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ, ԱՄՆ պաշտպանության ու ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ Scud)։ Բոլոր խոշոր երկրները հետաքրքրված են նավթով հարուստ այդ շրջանով։ ԱՄՆ-ի օգնությամբ ադրբեջանական ծովափի երկայնքով տեղադրվել են ծովային ռադարներ, կառուցվել են հրամանատարական ու վերահսկիչ կենտրոն, իրականացվում են համատեղ զորավարժություններ։
Հայաստանի տրամադրության տակ եղած բալիստիկ հրթիռների սահմանափակ քանակն Ադրբեջանին կպատճառի միայն հոգեբանական վնաս՝ հաշվի առնելով դիպուկության սահմանափակ գործոնը, որը չի թույլատրում երաշխավորել նավթահանքերի լիակատար ոչնչացումը։
Նավթահանքերին ուղղված այդ հարվածների շղթան կարող է վնասել ենթակառույցներն ու լուրջ դրամական վնաս պատճառել բնապահպանական ու նյութա-տեխնիկական բազային։ Խոսակցություններ են պտտվում Ադրբեջանի կողմից С-300 ПМУ-1 (SA-20A GARGOYLE) զենիթա-հրթիռային համալիրի գնման մասին, որը թույլ կտա պաշտպանվել Р-17 հրթիռներից։ Բայց դրանք դեռ խոսակցության մակարդակին են»։
Այս հետազոտությունն անկասկած իրականացվել է նախքան հունիսի 26-ին Բաքվում իրականացված ռազմական շքերթը, ուր հաստատվեց Ադրբեջանի կողմից այդ սպառազինության գնումը։ Այդ զենիթա-հրթիռային համալիրը փակում է Ադրբեջանի ՀՕՊ-ում առկա խոշոր բացը և այժմ Ադրբեջանը, կարծես թե, գտնվում է հուսալի պաշտպանության ներքո։
Իհարկե, այդ ամենը պետք կգա միայն այն ժամանակ, եթե Հայաստանը հարձակում գործի Ադրբեջանի վրա։ Մյուս կողմից էլ հնարավոր է՝ Հայաստանի ՀՕՊ-ը բավական ամուր է, որպեսզի Ադրբեջանի հարձակումները հաջողությամբ պսակվեն։ Փորձագետները դրականորեն են արտահայտվում նաև Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ի մասին։
Նրանք նշում են. «Ժամանակակից համատեքստում Լեռնային Ղարաբաղի այդ ՀՕՊ-ի համակարգը սահմանափակ վտանգ է ներկայացնում ժամանակակից մարտական ինքնաթիռների համար։ Սակայն Ադրբեջանի ռազմաօդային ուժերում գտնվում են գլխավորապես խորհրդային ժամանակների մի շարք մարտական ինքնաթիռներ՝ բացառությամբ ոչ վաղ անցյալում Ուկրաինայից գնված МиГ-29 կործանիչների (FULCRUM)։
Այդ պլանում հաշվի առնելով տվյալ փուլում ակտիվ ռազմական գործողությունների բացակայությունը՝ Լեռնային Ղարաբաղում ու դրան հարակից հատվածում տեղակայված «երկիր-օդ» տիպի համակարգը նախկինի նման ծառայում է որպես զսպման միջոց՝ պոտենցիալ ագրեսիայի դեպքում»։
Մեկ այլ վերլուծական փաստաթղթում փորձագետները գնահատում են Հայաստանի ՀՕՊ-ի հնարավորությունները. «Հայաստանի ՀՕՊ-ն ընդհանուր առմամբ հուսալի է՝ հաշվի առնելով պոտենցիալ վտանգի բնույթը։ Սիրիայի հետ համեմատած, որը գլխավորապես բաղկացած է С-75 և С-125 զենիթա-հրթիռային համալիրներից՝ Հայաստանի ՀՕՊ-ի համակարգն ավելի լավ է սպառազինված՝ տակտիկական բալիստիկ հրթիտռների, թևավոր հրթիռների ու ժամանակակից կործանիչների հարձակումները հետ մղելու համար։
Ի տարբերություն Իրանի՝ Հայաստանի ՀՕՊ-ի համակարգը չունի զգալի ճեղքեր, ինչի շնորհիվ ռադիոէլեկտրոնային համակարգերի ճնշման միջոցներով զինված մարտական ինքնաթիռները կարողանային անարգել շրջել երկրի օդային տարածքով մեկ։ Երկրի ոչ մեծ տարածքը համարվում է դրական գործոն՝ ՀՕՊ-ի օբյեկտների տեղակայման տեսանկյունից։
Ժամանակակից համատեքստում Հայաստանի ՀՕՊ-ը հնարավոր է՝ ավելցուկային է։ Եթե Հայաստանի վրա հարձակում գործեն 500 թուրքական ավելի ժամանակակից ինքնաթիռներ, ապա Հայաստանի ՀՕՊ-ը կարող է ամխուսափելի մարտի մեջ մտնել՝ պաշտպանվելով ժամանակակից թևավոր հրթիռներից։ Հայաստանը ստիպված կլինի բավարարվել այն վնասով, որը կկրի թշնամին, քանի որ միայն շատ հզոր ժամանակակից ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցներն են կարողանում այդ հրիթռները շեղել իրենց ուղուց։ Հայաստանը կարող է թշնամուն վնաս պատճառել ռուսական С-300В1 և հայկական С-300П համակարգերով։
Հայաստանին անհրաժեշտ է արդիականացնել իր ՀՕՊ-ի համակարգը, ինչը նրան կօգնի ստեղծել ժամանակակից «երկիր-օդ» տիպի հրթիռային համակարգ և կախված չլինել Ռուսաստանի աջակցությունից։ ՀՕՊ-ի համակարգի արդիականացումը կարող է զգալիորեն ուժեղացնել նրա պոտենցիալը»։
Իհարկե բավական դժվար է մտածել, թե Թուրքիան օդային հարձակում կիրականացնի Հայաստանի նկատամամբ։ Սակայն Հայաստանի արևելյան հատվածը ՀՕՊ-ի պլանում լավ պաշտպանված չէ, որով և այն խոցելի է դառնում Ադրբեջանի կողմից պոտենցիալ օդային հարձակման դեպքում։ Սակայն դա կարող է հանգեցնել ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քան դա կցանկանար Ադրբեջանը։
Բուն Հայաստանի վրա իրականացված հարձակումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի դրույթներն՝ Ռուսաստանին ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին ներգրավվելով ռազմական գործողությունների մեջ։ Մի՞թե Ադրբեջանը կցանկանա այդպիսի ռիսկի գնալ»։







































