Ռոստովի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված համերգով: Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Զարինա Շիմանսկայան:
Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 24-ին Ռոստովի պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Կհնչեն Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան և Առնո Բաբաջանյանի «Հերոսկան բալլադը»:
«Երկրորդ տարին անընդմեջ Ռոստովի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբն ինձ հրավիրում է համերգի: Ես մեծ ոգևորությամբ եմ մասնակցում այս նախաձեռնությանը, քանի որ Ռոստովում մեծ է հայկական համայնքը: Կարևոր է այն, որ համերգին պատմական տարիների մասին է խոսվում ոչ միայն հայ համայնքի, այլև ռուսների համար»,- ասել է Կարեն Դուրգարյանը:
Դիրիժորի խոսքով՝ համերգին հիշում են Հայոց ցեղասպանության դաժան տարիները, իսկ մյուս կողմից ցանկանում ընդգծել, որ անհրաժեշտ է վերածնվել, առաջ գնալ, հզորանալ:










































