ԱՄՆ հետախուզական ծառայությունները հստակ չգիտեն, թե ինչպես է հայտնվել նոր կորոնավիրուսը. որպես հնարավոր տարբերակ է դիտարկվում Չինաստանում լաբորատորիայից դրա տարածման վարկածը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը՝ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի լսումների ժամանակ։
«Մենք հստակ չգիտենք, թե որտեղ, երբ և ինչպես է ի սկզբանե տեղի ունեցել կորոնավիրուսի փոխանցումը: Մենք ունենք երկու հավանական տեսություն», – ասել է նա: «Մեկն այն է, որ միջադեպ է տեղի ունեցել լաբորատորիայում, իսկ մյուսն այն է, որ այն առաջացել է բնական ճանապարհով՝ վարակված կենդանիների հետ մարդու շփման արդյունքում», – պարզաբանել է Հեյնսը: «Մենք աշխատում ենք այս երկու վարկածների վրա», – հավելել է նա: