Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այսօր ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարները կառավարությունում հանդես են եկել 2011 թ-ի 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրերի, գերակա խնդրիների կատարման ընթացքի մասին հաշվետվությամբ:
Ներկայացնելով ոլորտում իրականացված աշխատանքները՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցի գերակայություններն են՝ համայնքային աջակցության ծրագրերի միջոցով գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումն ու գյուղական բնակչության եկամուտների ավելացումը, հանրապետության առնվազն 40 համայնքներում գյուղատնտեսական կոոպերացիաների զարգացումը, ագրարային ոլորտի տեղեկատվական և խորհրդատվական համակարգի բարեփոխումների միջոցով ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացումը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, նախարարության առաջնահերթ ծրագրերն են՝ սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման քաղաքականության ճշգրտումը, Համաշխարհային բանկի խմբի գործարարությամբ զբաղվելը, վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավումը:
Վարչապետը երկու նախարարությունների ղեկավարներին հանձնարարել է առկա մի քանի խնդիրների լուծումը վերցնել իրենց անմիջական հսկողության տակ և դրանք ավարտել նախանշված ժամկետներում:
Երևան քաղաքի առավել խոցելի մանկապարտեզներում, դպրոցներում սեյսմիկ և հրդեհային ռիսկերի գնահատման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում վտանգների ու ռիսկերի բացահայտման և գնահատման միասնական մոնիթորինգային համակարգի ձևավորման վերաբերյալ զեկուցել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Կառավարության ղեկավարն անդրադաձել է բոլոր գերատեսչությունների աշխատաքների ֆինանսական կատարողականներին, ինչպես նաև՝ աշխատակազմերի ընդհանուր գնահատականներին:











































