Թուրքական Sabah թերթը, վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակօս» թերթը, հայտնում է, որ նախորդ շաբաթ Դիարբեքիրի 2-րդ ռազմական դատարանում տեղի ունեցած դատավարության հերթական նիստի ժամանակ նոր մանրամասներ են ի հայտ եկել ապրիլի 24-ին Բիթլիսի Քոզլուք շրջանի ժանդարմերիայի զորամասում հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի սպանության գործում։
Դատական նիստի ժամանակ վկաներից մեկը մեջբերել է Սևակի մարդասպան Քըվանչ Աղաօղլուի հետևյալ խոսքերը, որոնք նա հնչեցրել է սպանությունից որոշ ժամանակ առաջ. «Քեզ սպանելու եմ չաղլիկս»։ Աղաօղլուին սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում։
Միևնույն ժամանակ Բալըքչըների ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթը խիստ կասկածելի է համարել այն, որ վկաների մի մասը դատախազությունում այլ բան է ասել, իսկ դատարանում լրիվ այլ բան է ասում։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին հրազենով Սևակին «անզգուշաբար» սպանել էր նրա ծառայակից Քըվանչ Աղաօղլուն: Դրանից հետո պարզվեց, որ Աղաօղլուն ազգայնական է, ինչի մասին վկայում են Facebook սոցիալական ցանցում ազգայնական բնույթի նրա հրապարակումները:
Իսկ ահա Սևակ Բալըքչըի նշանած Մելանի Քումրույանի խոսքերով՝ սպանությունից մեկ ամիս առաջ զորամասում Սևակին սպառնացել են այրել. «Պարեկություն կատարելիս զինծառայողներից մեկը կորցրել է 50 թուրքական լիրա (ավելի քան 30 ամերիկյան դոլար), ինչի համար հրամանատարը մեղադրել է Սևակին ու նրա ընկերոջը և երկուսին ծեծի ենթարկել: Սևակը բողոքել էր հրամանատարի դեմ, սակայն սպառնալիքների ներքո ետ է վերցրել իր բողոքը: Նրան սպառնացել էին այրել»:
Ի դեպ, Սևակի զորացրվելուն մնացել էր ընդամենը 23 օր։ Սևակի սպանությունից հետո Թուրքիայում ի հայտ եկան նոր պաստառներ ու կարգախոսներ. 1,500,000+1+1 (1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն հայերը, 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը և այս տարվա ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված Սևակ Բալըքչըն)։









































