Այդ 8000 դրամանոց «ռեկետչիկությունը» նորահայտ ռեկետչիկ «Կոռոշ» մականունով անչափահաս Վալոդիկի վրա շատ թանկ նստեց. այս տարվա մայիսի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը անչափահաս Վլադիմիր Սուքիասյանին մեղավոր ճանաչեց անչափահաս Գրիգորին (անունը փոխված է) ինքնասպանության հասցնելու համար (ՀՀ քր.օր.-ի 182 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և դատապարտեց ազատազրկման 8 տարի ժամկետով:
Ամբաստանյալից հօգուտ տուժողի իրավահաջորդ, քաղաքացիական հայցվոր Արարատ Վ.-ի կբռնագանձվի նաև 1 մլն 100,000 դրամի չափով գումար: 16-ամյա Գրիգորին հայտնաբերել էին իրենց տան պատշգամբից կախված վիճակում: Մինչ գործի նախապատմությանն անցնելը՝ նշենք, որ տուժողն ու ամբաստանյալը ազգականներ են, բայց դա չի խանգարել ամբաստանյալ Վլադիմիր Սուքիասյանին՝ իր ազգականից «ռեկետով» փող ստանալ, նրա հեծանիվը վերցնել վաճառել: Իմանալով, որ Գրիգորը թղթախաղ լավ չի խաղում, ստեփանավանցի Վալոդիկը 2010 թ. ապրիլին Գրիգորին նստեցրել է «դուրակ» տեսակի թղթախաղ խաղալու և կրել է 5000 դրամ: Լինելով տարիքով մեկ տարի մեծ և ֆիզիկապես ավելի ուժեղ՝ Գրիգորի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ է գործադրել, ապտակել և վախեցրել, որպեսզի նա կարճ ժամկետում տա կրված գումարը: Նաև սպառնացել է, որ պահանջը չկատարելու դեպքում նրա մասին անվանարկող տեղեկություններ կհրապարակի: Գրիգորը թեև գումար չի ունեցել, սակայն սպառնալիքներից և հետևանքներից խուսափելու համար մի կերպ հայթայթել է այդ գումարը և մինչև 2010 թ. հունիսի վերջերը տվել է նրան:
Քանի որ այս մեխանիզմը «հաջող» է ստացվել, դրանից մեկ շաբաթ անց Վալոդիկը նույն սպառնալիքների կրկնությամբ կրկին Գրիգորից փող է պահանջել, այս անգամ՝ 3000 դրամ, բայց քանի որ Գրիգորը չի կարողացել բավարարել «ռեկետչիկի» պահանջը, աշխատել է չհանդիպել նրան և թաքնվել է գյուղում ապրող տատիկի տանը: Այդ ժամանակահատվածում Վլադիմիրը փնտրելով և չգտնելով Գրիգորին, իրենց ընդհանուր ծանոթների մոտ Գրիգորի արժանապատվությունը նվաստացնելու, նրա վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու դիտավորությամբ, «խոստումը չկատարող տղայի» անվանարկող տեղեկություններ է հրապարակել նրա մասին: Իսկ երբ իմացել է, որ Գրիգորը վերադարձել է տուն, հուլիսի 7-ին, համաքաղաքացիներ Ռազմիկ Այվազյանի և Սահակ Կիրակոսյանի միջոցով փորձել է հանդիպել նրան, սակայն վերջինս գումար չունենալու պատճառով չի հանդիպել:
Հաջորդ օրը՝ հուլիսի 8-ին, Վալոդիկը ամեն կերպ իր հանցավոր նպատակին հասնելու համար Գրիգորին բռնացրել է Ստեփանավանի փողոցներից մեկում և շարունակել իր սպառնալիքների տակ պահանջել նշված գումարը: Գրիգորի ինքնազգացողությունը դրանից վատացել է և, չնայած այդ հանգամանքին, նրան տարել է իր տուն, և չլսելով այդ պահին իրեն ընկերակցող Ռազմիկ Այվազյանի, Սահակ Կիրակոսյանի, Հայկազ Քամալյանի՝ ապօրինի գործողություններից զերծ մնալու հորդորները, Գրիգորի հետ առանձնացել է իր տան հյուրասենյակում և պահանջել խոստացած գումարի փոխարեն, գույքային բնույթի այլ գործողություններ կատարել. իր մոտ գտնվող «Մոտոռոլլա» տեսակի բջջային հեռախոսի մեջ կարճ ժամկետում մարտկոց տեղադրել, 2000 դրամն էլ հետո տալ: Գրիգորը գումար չունենալու պատճառով չի վերցրել հեռախոսը, և ճնշված վիճակում գնալով իրենց տուն՝ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, իրենց տան առաջին հարկի պատշգամբի առաստաղի երկաթե լարից իր կողմից կապված պարանի միջոցով կախվելու միջոցով խեղդամահ է եղել: Գրիգորի մոր և հոր ցուցմունքներից պարզ է դառնում, որ իրենք զգացել են, որ որդին խուսափում է Վալոդիկից և փորձել են հատկապես վերջին օրերին զգոն լինել ու փնտրել են նրան, նույնիսկ մայրը պահանջել է հեռու մնալ իր տղայից, սակայն քիչ անց տեղեկացել է դժբախտ դեպքի մասին: Երբ տուն են վերադարձել, բակն արդեն մարդաշատ է եղել, որդին էլ՝ կախված:
Վալոդիկն, իհարկե, չի ընդունել մեղադրանքը՝ նշելով, որ Գրիգորն ինքն է առաջարկել ղումար խաղալ և փող տալ, ինքն էլ չի հրաժարվել: Սակայն դատարանը ապացուցված է համարել նրա մեղադրանքը, քանի որ գործով անցնող մյուս վկաների ցուցմունքներով, համապատասխան եզրակացություններով և այլ ապացույցներով հաստատվել է ամբաստանյալի մեղքը: Մինչ դեպքը տղաներից մեկի հետ ինտերնետով շփվելիս, Գրիգորն ասել է՝ «Բարև, ախպերդ նեղի մեջ ա, խումար եմ կրվել 5000 դրամ, Կոռոշին»: Գրիգորի հորեղբոր տղա Արտակն էլ իր ցուցմունքում նշել է, որ «հուլիսի 7-ին, ժամը 23-ի սահմաններում իրեն զանգահարել է Գրիգորը և հայտնել, որ Վլադիմիր Սուքիասյանը նեղացնում է իրեն, ապա խնդրել է հնարավորության դեպքում գալ Ստեփանավան քաղաք: Ինքը հարցրել է, թե ինչ է պատահել, այդ ժամանակ էլ Գրիգորը տեղեկացրել է իրեն, որ Վլադիմիր Սուքիասյանը շարունակում է գումարներ պահանջել ու սպառնալով ասել է. «Եթե այդ փողը չտաս, ապա ուրիշների մոտ շալվարդ կիջացնեմ ու կփչացնեմ»»: Դրանից հետո Արտակը Վալոդիկին կարգի հրավիրելու հարցով դիմել է իր ընկեր Արմանին, ով պատրաստակամություն է հայտնել օգնել: Գրիգորը խնդրել է՝ տաքսիով շուտ գալ և ասել, որ ինքը տաքսու գումարը կվճարի, սակայն քանի որ Արմանը հաջորդ օրը գործ է ունեցել՝ չի կարողացել գնալ, իսկ արդեն երեկոյան լսել է, որ Գրիգորը կախվել է:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից տեղեկանում ենք, որ չի բացառվում, որ տուժողի նկատմամբ սեռական ոտնձգություն եղած լինի: Հետմահու համալիր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունից էլ տեղեկանում ենք, որ Գրիգորը «մահվանը նախորդող ժամանակահատվածում գտնվել է ընկճված հոգեվիճակում, նրա մոտ զարգացել է դեպրեսիվ վիճակ: Վլադիմիր Սուքիասյանի գործողությունների և Գրիգորի մահվանը նախորդող հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ: Ըստ գործի նյութերի՝ Գրիգորի մոտ մահվանը նախորդող ժամանակահատվածում առաջացել է հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարում՝ դեպրեսիվ վիճակի տեսքով։ Այն զրկել է Գրիգորին իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից՝ պատճառ դառնալով ինքնասպանության համար։
Գրիգորի կողմից արված ինքնասպանությունը կարելի է դասել փախուստի կամ խուսափելու վարքաձևերին կամ դրդապատճառներին, քանի որ առաջացած հոգեվիճակը ապրվել է որպես անտանելի, այն վերջինիս կողմից գնահատվել է անելանելի և առաջացել է մտայնություն, որ հետո ավելի վատ է լինելու և ինքը կդժվարանա ապրել այդ հոգեվիճակը։»: Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել նրա կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, շարժառիթը, հետևանքը, հանցագործության տարածվածությունը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները: Վ.Սուքիասյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, անչափահաս է, բնութագրվում է դրական: Պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն եղել: Ուշագրավ մի հանգամանք. նշված է, որ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, և զարմանալի է, որ այն հայտնվել է Վերաքննիչ քրեական դատարանում: Բողոքի հիմքն անհայտ է:












































